Ադրբեջանական Turan գործակալության խմբագիրը գործուղվել է Հայաստան

Ադրբեջանական Turan անկախ լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը փետրվարի 1-5-ը գործուղվել է Հայաստան՝ ռեպորտաժների ու հարցազրույցների շարք պատրաստելու նպատակով․ այս մասին հաղորդում է Turan-ը։

«Այցելության կազմակերպման համար ստացվել է Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմինների համաձայնությունը։ Հայաստանի ԱԳՆ-ն հավատարմագրել է Հաջիևին և նրան ուղեկցող երկու օգնականներին՝ Վրաստանից ու Ռուսաստանից։

Երևան այցելության ընթացքում Turan-ի խմբագիրն անցկացրել է քաղաքական կուսակցությունների ու փորձագետների հետ հանդիպումների շարք։

Ռեպորտաժների ու հարցազրույցների թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերն են, իրավիճակը տարածաշրջանում։

Այդ նյութերը հրապարակվելու են գործակալության Turan և Contact կայքերում»,- ասված է գործակալության հաղորդագրությունում։

Վերջում Turan-ը հորդորում է լրագրողներին օգտագործել իր տրամադրած այս տեղեկատվությունը՝ Հաջիևի այցելության նպատակների և բովանդակության վերաբերյալ նյութերում։

Գործակալությունը խնդրում է իր խմբագրի այցելության նպատակների վերաբերյալ տեղեկատվությունը չաղավաղել և որևէ բան չհավելել։

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով Turan-ի խմբագրի այցի նպատակների մասին հարցին, ասաց․ «Turan գործակալության կողմից հայտ էր ներկայացվել ՀՀ ԱԳՆ` հավատարմագրվելու և համապատասխան լրագրողական գործունեությունը ծավալելու Հայաստանում: Բոլոր նախանշված ընթացակարգերը, որով նաև դուք եք անցնում, անցնելուց հետո վերջինիս հայտը բավարարվել է և նա իր լրագրողական խմբով այցելել է Հայաստան: Այցը զուտ լրագրողական գործունեության ծավալմանն էր ուղղված և այս առումով դա մեզ համար բնական գործընթաց է, որովհետեւ օրական տասնյակ երկրների լրագրողներ են դիմում ՀՀ ԱԳՆ՝ հավատարմագրման համար: Պետք է ասեմ, որ մեր կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունը ինչ-որ ձևով սահմանափակելու ուղղությամբ»։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը երեկ Ֆեյսբուքում նկար է հրապարակել Հաջիևի հետ՝ հայտնելով, որ հարցազրույց է տվել։

2017-ին Turan անկախ գործակալությունը հայտնվել էր փակման եզրին այն բանից հետո, երբ ձերբակալվել էր գործակալության տնօրեն Մեհման Ալիևը։ Մի քանի ամիս անց գործակալության և անձամբ Մեհման Ալիևի դեմ մեղադրանքը վերացվել է, քրեական գործը՝ փակվել։

Կարդացեք՝

Turan-ի տնօրենը ձերբակալվել է, գործակալությունը փակման եզրին է

Տխուր օր Ադրբեջանում մամուլի ազատության պատմության համար․ Արզու Գեյբուլլան՝ ՍիվիլՆեթին

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել