Տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա․ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպասվող հանդիպմանն ընդառաջ ծավալուն հայտարարություն են տարածել՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման սկզբունքները։ Հայտարարությունը թարգմանաբար ներկայացված է ստորև։

«Մարտի 1-ի իր հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, Ստեֆան Վիսկոնտի, Էնդրյու Շոֆեր) ողջունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը՝ մոտ ապագայում հանդիպել համանախագահների հովանու ներքո: Համանախագահները, որոնք սերտորեն համագործակցում են երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստում էին առաջնորդների այս կարևոր հանդիպումը․ այն կլինի համանախագահների հովանու ներքո անցկացվող երկու առաջնորդների առաջին ուղիղ շփումը:

Համանախագահները կարևորում են արդյունավետ քննարկումների անցկացմանը նպաստող միջավայրի պահպանումը և շարունակում են դրական գնահատել վերջին շրջանում շփման գծում զոհերի բացակայությունը: Համանախագահները նաև ողջունում են տարածաշրջանի բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար ձեռնարկված որոշակի նախնական քայլերը և խրախուսում են կողմերին` ակտիվացնելու այդ ջանքերը:

Միևնույն ժամանակ, համանախագահները վերահաստատում են լարվածության նվազեցման և իրավիճակը բորբոքող հռետորաբանության նվազեցման կարևորությունը: Այս համատեքստում համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք ենթադրում են ներկա իրավիճակի լուրջ փոփոխություններ, կանխորոշում են կամ հետագա բանակցությունների համար նախապայմաններ են ստեղծում, որ պահանջում են միակողմանի փոփոխություններ՝ առանց մյուս կողմի համաձայնության կամ մատնանշում են ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման պատրաստակամություն:

Մինսկի խմբի գործընթացի բովանդակության մասին վերջերս հրապարակված որոշ հակասական հայտարարություններով համանախագահները վերահաստատում են, որ անաչառ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, ներառյալ՝ ուժի կիրառման սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման իրավունքը:

Այն նաեւ պետք է ընդգրկի լրացուցիչ տարրերը, որոնք առաջարկվել են 2009-2012-ին համանախագահ երկրների նախագահների կողմից, այդ թվում՝

  1. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողությանը,
  2. Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ,
  3. Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն իրար կապող միջանցք,
  4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում, օրինական կամքի արտահայտման , իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտություն,
  5. ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը,
  6. միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:

Համանախագահները շեշտում են իրենց այն տեսակետը, որ այդ սկզբունքները և տարրերը պետք է լինեն հակամարտության արդարացի և տևական լուծման հիմքը և պետք է ընկալվեն որպես ամբողջություն: Որոշ սկզբունքներ կամ տարրեր մյուսներից վեր դասելու ցանկացած փորձ անհնար է դարձնելու հավասարակշռված լուծման հասնելը:

Համանախագահները պատրաստ են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների հետ ցանկացած ժամանակ և կոչ են անում առաջնորդներին վերականգնել բանակցությունները բարեխիղճ սկզբունքով և ամենավաղ հնարավորության դեպքում։

Բաքվի և Երևանի միջև համանախագահների հովանու ներքո անցկացվող շարունակական և ուղղակի երկխոսությունը մնում է վստահության ամրապնդման և խաղաղ գործընթացի առաջխաղացման կարևոր տարր: Համանախագահները նաև կշարունակեն համապատասխան հարցերն ինչպես հարկն է քննարկել կոնֆլիկտից ուղղակիորեն տուժած շահագրգիռ կողմերի հետ՝ հաշվի առնելով, որ հաջողության հասնելու ցանկացած բանակցային լուծման համար նրանց կարծիքներն ու մտահոգությունները պետք է հաշվի առնվեն:

Համանախագահները շեշտում են, որ իրենց մանդատի համաձայն, մնում են լիովին հավատարիմ՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծում: Համանախագահները նաեւ իրենց լիակատար աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի կողմից իրականացվող անկողմնակալ և քննադատական մոնիտորինգի աշխատանքների համար»:

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել