Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ. փաստաթուղթ և ձևաչափ

Լրատվամիջոցները հաղորդում են, որ մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաքում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Իլհամ Ալիևը տարբեր ֆորումների շրջանակներում մի քանի շփումներ են ունեցել, հանդիպել են նաև երկու երկրների արտգործնախարարները, սակայն Վիեննայի հանդիպումը լինելու է առաջինը, որի ընթացքում հիմնովին ու ըստ էության քննարկվելու է Արցախյան կարգավորման գործընթացը:

Ի՞նչ ակնկալիքներով և օրակարգերով են մոտենում բանակցություններին հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերը:

Նիկոլ Փաշինյանը և Զոհրաբ Մնացականյանը մի քանի առիթներով հասկացնել են տվել, որ Հայաստանին չի բավարարում բանակցային այն ձևաչափը, որ գործում է վերջին 20 տարիներին, այն է՝ Երևան-Բաքու ամենաբարձր մակարդակով հանդիպումներ, որոնցում, ըստ էության, Ստեփանակերտը ներգրավված չէ: Անշուշտ, Արցախի ներգրավումը չպետք է լինի ինքնանպատակ, ներգրավում՝ զուտ ներգրավման համար:

Երկրորդ, Հայաստանի համար կարևոր է, թե բանակցությունները որ կետից են շարունակվելու: Փաստացի, գործընթացը կանգ է առել Կազանում 2011-ին, երբ Իլհամ Ալիևը մերժեց կարգավորման աշխատանքային փաստաթուղթը: 2016-ի ապրիլին կարգավորման գործընթացին մահացու հարված հասցրեց Ադրբեջանի կողմից սկսված Քառօրյա պատերազմը, որը ոչ Բաքվի հաղթանակն էր և ոչ էլ Երևանի ու Ստեփանակերտի պարտությունը, բայց որը խարխլեց կարգավորման հիմքերը, իսկ փոխադարձ վստահությունը հասցրեց հնարավոր նվազագույն կետին:

Երրորդ, եթե կարգավորման համար հիմք է Մադրիդյան փաստաթուղթը կամ նրանից ածանցյալ տարբերակները, կամ ավելի հստակ՝ երեք սկզբունքներն ու վեց տարրերը, ապա դրանք պետք է հստակեցվեն և չենթարկվեն կամայական մեկնաբանությունների:

Չորրորդ, Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղա՞ղ ճանապարհով, թե՞ ադրբեջանական կողմը պատերազմը, ինչպես 2016-ի ապրիլին, շարունակելու է դիտարկել որպես պահեստային տարբերակ: Կամ ավելի պարզ՝ հակամարտության մեջ ներգրավված հասարակություններին պե՞տք է պատրաստել խաղաղության, թե՞ վերադառնում ենք պատերազմական հռետորաբանությանն ու ատելության քարոզին պետական մակարդակով:

Հայաստանի և Արցախի իշխանությունների տեսակետները թե ինչքանով են համընկնում՝ այս պահին դժվար է ասել: Նախորդ 20 տարիներին Ստեփանակերտի իշխանությունները մի կողմից հայտարարել են, որ լիովին վստահում են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, մյուս կողմից, անընդունելի է համարել Մադրիդյան և մյուս առաջարկները, որոնց շուրջ բանակցել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները: Ավելին, երբ ժամանակին Քոչարյանը խոսում էր 6,5, իսկ Սարգսյանը՝ 7 շրջաններ վերադարձնելու մասին, որի դիմաց Արցախը ստանում է անկախություն կամ հանրաքվեով ինքնորոշման իրավունքի իրացում, Ստեփանակերտի իշխանությունները լռեցին: Ճիշտ է նաև, որ և՛ նախագահի, և՛ վարչապետի, և՛ արտգործնախարարի մակարդակով տարբեր հարցազրույցներում շեշտվել է, որ ստատուս քվոյի փոփոխութունը անընդունելի է Արցախի համար:

Այդուհանդերձ, Արցախի ներգրավումը բանակցային գործընթացի մեջ կարևոր է, քանի որ Հայաստանը, լինելով Արցախի անվտանգության միակ երաշխավորը, չի կարող ամբողջապես պատասխանատվություն կրել բանակցությունների, հնարավոր առաջընթացի և լուծման, ու ամենակարևորը՝ երկարատև խաղաղության համար: Հետևաբար, եթե Ադրբեջանը մերժում է և շարունակի մերժել Արցախի ներգրավումը, ապա դա նշանակում է, որ Բաքուն կարգավորում չի ուզում կամ հակամարտության կարգավորման արդյունքում ուզում է ամեն ինչ: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանն է պարտված կողմը:

Ադրբեջանի համար Վիեննայի հանդիպումը կարևոր է հասկանալու, թե ինչ մտադրություններ ունեն Հայաստանի նոր իշխանությունները:

Առաջին, բանակցությունների ձևաչափի իմաստով Բաքվի համար ընդունելի միակ ձևաչափը Երևանի հետ ամենաբարձր մակարդակով ուղիղ շփումներն են, քանի որ Ադրբեջանը դրանով նախ և առաջ ուզում է միջազգայնորեն ամրապնդել այն ընկալումը, որ հակամարտությունը տարածքային վեճ է երկու պետությունների միջև և Հայաստանը գրավել է իր տարածքի մի մասը: Իսկ եթե Ադրբեջանը կտրականապես մերժի Ստեփանակերտի ներգրավումը և դա համարի նախապայման, ապա բանակցությունները փակուղուց դուրս չեն գա:

Երկրորդ, Ադրբեջանի համար ևս սկզբունքային հարց է, թե որ կետից են շարունակվելու բանակցությունները: Եթե Բաքուն շարունակում է համարել, որ Արցախի ինքնորոշումը կարող է տեղի ունենալ բացառապես Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա դրան չի կարող համակերպվել Հայաստանի որևէ ղեկավար: Դա փաստացի կնշանակի status quo ante, այն է՝ վերադարձ 1988-ին: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել են, որ եթե Ադրբեջանը ուզում է տարածք, ապա պետք է հրաժարվի Արցախից նախկին ԼՂԻՄ սահմաններում՝ գումարած Լաչինի միջանցքը: Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ բառ չի ասել տարածքային հնարավոր զիջման մասին: Ավելին, նա ընդգծում է, որ քանի դեռ պարզ չէ Ադրբեջանի դիրքորոշումը, չպետք է խոսել փոխզիջումների մասին:

Երրորդ, ակնհայտ է, որ Ադրբեջանում հստակ տարանջատում են դնում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև: Այս տարանջատման համար հիմք են ծառայում այն իրողությունները, որ առաջին երկուսը ծնվել են Ղարաբաղում, մասնակցել են պատերազմին, իսկ Փաշինյանը ծնվել է ՀՀ-ում և մեծ հաշվով չի առնչվել պատերազմին ու հակամարտությանը: Սա, անկասկած, թյուրըմբռնում է և պարզունակ մոտեցում: Արցախի հարցը անձերով պայմանավորելը անհիմն է, քանի որ այն վերաբերում է Հայաստանի, այդ թվում՝ Արցախի և հայ ժողովրդի անվտանգությանը և երկարաժամկետ խաղաղությանը: Եթե Ալիևի հույսը Փաշինյանի ՀՀ-ում ծնված լինելն է և Հայաստանի արտախորհրդարանական ընդդիմության՝ Փաշինյանի վարկաբեկման բացահայտ արշավը, թե իբր նա ծախում է Արցախը, ապա Ալիևը Վիեննայում ապրելու է հուսախաբություն:

Ամփոփելով նշենք, որ, անկասկած, հակամարտության բանակցային ձևաչափը կարևոր է: Կարևոր է նաև, թե ինչ կետից են շարունակելու բանացկային գործընթացը: Սակայն այս ամենը, մեծ հաշվով, բանակցելի և լուծելի խնդիրներ են: Կարևորն այլ է. հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերը ուզո՞ւմ են խաղաղություն, թե հայտարարելով խաղաղության անհրաժեշտության մասին, պատրաստ չեն այդ խաղաղության համար գին վճարել: Ավելի պարզ՝ հասնել կարգավորման մի տարբերակի, երբ երեք կողմերը կստանան այն, ինչի համար ձգտել են երկար տարիներ և դրա համար հազարավոր մարդկային կյանքերով վճարել: Եթե կողմերը պատրաստ չեն ցավալի փոխզիջումների, ապա «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը շարունակվելու է ևս տասնամյակներ՝ խլելով նոր մարդկային կյանքեր և դուռը բաց թողնելով Ապրիլյան կամ այլ անունով պատերազմների համար:

Մեկնաբանել