ՀՀ թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչն արտահայտվում է տնտեսության մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

«Առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով, մենք եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ համոզման, որ 2019թ. պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով: Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է, այսինքն պետական եկամուտները 2019թ. կլինեն առնվազն այսքանով ավել, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով: Սա, ուզում եմ ընդգծել, վերջին առնվազն ինը տարիների համար աննախադեպ երևույթ է, որովհետև նախկինում մենք չենք ունեցել, մենք առնվազն բավական երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները կգերակատարվեն, այն էլ այսպիսի հսկայական ծավալներով: Շատ ավելի կարևոր է արձանագրել, թե մենք ինչ ենք պատրաստվում անել այդ հավելյալ եկամուտների հետ: Մենք մտադրված ենք 2019թ. հուլիս 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ Զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019թ. սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել ՀՀ-ում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը:

Մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է խոսքը: Բացի այս մենք պլանավորում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 կմ ավտոճանապարհների տարբեր մակարդակի նորոգումներ՝ հիմնանորոգում, ընթացիկ նորոգում, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին ինը տարիների համար, բայց նաև մենք հույս ունենք և գիտենք, որ կլինեն որոշակի խնայողություններ այս գործընթացում, մենք հույս ունենք, որ շատ ավելի երկար ժամանակի ցուցանիշ այս տարի մեզ կհաջողվի գերազանցել: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ այս ցուցանիշի մեջ չի մտնում հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը: Դա բոլորովին ուրիշ պատմություն է»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա խոսել է այն մասին, թե ինչի արդյունք է առնվազն 40 միլիարդ հավելյալ դրամի հավաքագրումը պետական բյուջե:

«Սա առաջին հերթին, իհարկե, ստվերի դեմ կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի վարած քաղաքականության արդյունք է և քանի որ կանխատեսում եմ, որ կհնչեն մտահոգություններ, թե ինչքանով է սա նեգատիվ ազդեցություն ունենալու մեր տնտեսության վրա, ուզում եմ ասել, որ այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ ընդհանրապես չեն կիրառվում, այլ կիրառվում է վերլուծական մեթոդը, բանակցային մեթոդը և երկխոսության մեթոդը: Գիտեք, որ Պետական եկամուտների կոմիտեում բավական լավ թվայնացման մակարդակ կա և այդ ծրագրային ապահովումը մեզ թույլ է տալիս տեղորոշել այն ոլորտները, այն կոնկրետ նույնիսկ ընկերությունները, որոնք հենց ծրագրային ապահովման բերումով համարվում են ռիսկային»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարին քաղաքական առումով լարված, վայրիվերումների տարի էր և հաջողվեց պահել տնտեսական կայունությունը, մակրոտնտեսական կայունությունը, բայց այս տարվա համար կառավարության արձանագրումը բոլորովին ուրիշ է:

«Հիմա Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը հիմա արդեն սկսել է և սկսում է արտահայտվել տնտեսության մեջ»,- ասաց վարչապետը։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել