ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանում այս մասին այսօր հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել էր Վերաքննիչ դատարան և առաջարկել փոխել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Քոչարյանը հերթական անգամ կալանավորվել է երկու ամիս ժամկետով։
Ըստ Ալումյանի՝ դատարանը Քոչարյանին կալանքի տակ է պահում՝ անտեսելով իրավական բոլոր նորմերը։
«Դատարանների փաստարկը այն է, որ մնալով ազատության մեջ, Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, սակայն քննությունն արդեն ավարտվել է։ Եվրոպական դատարանն էլ կիսում է այն մոտեցումը, որ քննության միայն նախնական փուլում է, որ անձի ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել»,- ասաց Ալումյանը։
Նա վստահեցրեց, որ դատարանի որոշումը պարտադիր կբողոքարկեն Վճռաբեկ ատյանում։
***
Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։
ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի 27-ին։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ արձակվեց։ Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կալանավորվեց երկրորդ անգամ։
Գևորգ Թոսունյան