Բռնի իսլամացած հայ կնոջ նամակը ամուսնուն՝ 1915-ին

Վերցված է Արմէնիա թերթի 1915թ. սեպտեմբերի 22-ի համարից: Տպագրվում է աննշան կրճատումներով:

Ղոզաթէն մի նամակ Իսլամացած Հայ կինէ մը

Սիրուն ամուսինս,

Ինչպէս քեզ ծանօթ է Հայաստանի սև օրը մեզի ալ պատահեցաւ. մայիսի 11-ին Սաղրօղլուի որդին՝ Հալէթ պէյը և զինւորական հարիւրապէտը 60 ոստիկաններով գիւղը խուժեցին, զէնք և թնդանօթ պահանջեցին, գիւղերէն մեծամեծ աղաները կանչեցին, սպառնական ծեծով և գէշ խօսքերով անարգեցին մեր կրօնաւորները և ի վերջոյ բոլոր ժողովուրդը եկեղեցին լեցուցին և վերադարձան տեղերնին: Բայց այսքանով ալ չգոհացան: Յունիսի 25-ին Հալէթ պէյը մէկ քանի քիւրտ պէկերով և 600 զինուած քիւրտերով կրկին եկաւ Բագառիճ, երեք գիւղերը խուզարկեցին, թալանեցին, ծեծեցին, կոյս աղջիկները և հարսները բռնաբարեցին, այսքանով ալ չը գոհացան: Հալէթ գազանը եկեղեցիին առջևը կայնած սկսեց զանգակատունը քակել տալ և պոռալ «Պու քիլիսէ պունտան սօնրա ճամի օլաճաք» (Սրանից հետո այս եկեղեցին մզկիթ է դառնալու-ՍիվիլՆեթ): Երք օր գիւղը սպասելէ վերջ որոշում կուտան գիւղացիների կէս մասը փոխադրել և իսլամացնել:

Սիրուն ամուսինս, բոլոր հարուստները հանեցին գիւղերէն, եղած երիտասարդութիւնը դիմադրեց, բայց փամփուշտի և հացի պակասութեան պատճառով երկար չը տևեց դիմադրութիւնը: Անոնք բարձր լեռներու մէջ դիրք գրաւած էին և իրենցմէ բաւական երիտասարդներ ինկան վիրաւոր թե մեռեալ:

Երբ ցրուեցին այդ բուռ մը կտրիճները, գազանները վերադարձան գիւղ իրենց չար կամքերը յագեցնելու համար: 200 ընտանիք բաժնեցին երեք գիւղերէն, ինձի ալ միասին 100 ընտանիք Ղոզաթ բերին 400 ձիաւորներով: Մեզի յատկապես տուները բաժնեցին և պահանջեցին, ու թիւրքութիւնը ընդունինք, ապա թէ ոչ բոլորդ ալ սրէ կանցնենք ըսին, վախներուս ընդունեցինք:

Օ՜հ սիրուն ամուսինս, այդ պարագային բաւական ընտանիքներ աշխատեցան և միջոցներ պահանջեցին ազատ ձգուելու համար, բաց ի զուր: Ձեր և մեր պատւոյն համար կեանքներուս վերջ պիտի տայինք, մենք չը յաջողեցանք մեր նպատակին հասնել, եթե դուք ալ ձերին վրէժը չը լուծէք այս վատ Թիւրքերէն, ամոթ կը սեպեմ ձեր երիտասարդութեան:

Ի՞նչ ըսեմ, ցաւալի լուրեր, հայ ազգիս ճակատագիրն է եղեր աս. մեծ մայրիկը զարկած են, իր սիրուն աղջիկը տարած, բայց չեն գիտեր թէ որ կողմը: Ամօ՛թ ընդհանուր Քեմախցի երիտասարդներուն եթէ իրենց ընտանիքներու վրէժը չը լուծեն հրէշ Հալաթէն:

Արդեօք ի՞նչ եղան եղբայրներս ու քոյրերս, չգիտեմ: Մեծ եղբայրս հակառակութիւն ունէր մէկ քանի քիւրտերու հետ, անոր մասին ալ լուր չկայ:

Սիրուն ամուսինս, Բագառիճ գիւղերը մոխիր դարձուցին, ոչ դրամ կայ, ոչ ցորեն: Տէր Աստուած, ե՜րբ պիտի ազատւինք այս վատին գործադրած զուլումներէն…

Գոռ Երանյան

Լուսանկարում՝ Արմին Վեգները պատկերել է հայ ընտանիքի՝ գաղթի ճանապարհին։

Մեկնաբանել