Ճոպանուղու և մետրոյի նոր կայարանի շինաշխատանքները կմեկնարկեն 2020-ին․ Մեսչյան

Նոր Նորքը կենտրոնի հետ կապող ճոպանուղու և մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020-ի սկզբից․ այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Գլխավոր ճարտարապետը խոսեց մետրոյի նոր կայարանի մասին՝ նշելով, որ հնարավորություն չունեն ծրագիրը իրագործել բյուջետային գումարներով։ Մինչև հունվար կկատարվեն նախագծային աշխատանքները, իսկ 2020-ի սկզբից՝ շինարարական աշխատանքները։

Սկզբում կկառուցվի կամուրջը, որն ավարտելուց հետո դրա վրա կտեղավորվի կայարանը, ապա կստեղծվի կապը Բարեկամության կայարանի հետ, հայտնեց ճարտարապետը՝ հավելելով, որ մետրոպոլիտենը բարդ համակարգ է, և ներգրավված են մասնագետներ տարբեր ոլորտներից։

Անդրադառնալով ճոպանուղու հարցին՝ նա հիշեցրեց, որ ցանկանում են ճոպանուղու միջոցով կապ ստեղծել կենտրոնի և Նորքի միջև, ինչպես նաև թեթևացնել տրանսպորտային ծանրաբեռնվածությունը։ Առաջին կապը կլինի Նորքի 2-րդ զանգվածից մինչև Աբովյանի պուրակի ձախակողմյան հատված։ Հետագայում նախատեսվում է, որ ճոպանուղին կհասնի նաև Հաղթանակի այգի։ Այժմ բանակցություններ են տարվում կառուցապատող ընկերությունների հետ։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել