Ղազախստանի ու Հայաստանի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել․ Նազարբաև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ այսօր՝ մայիսի 29-ին, մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Ժամանման օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

«Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն, որ եկել եք մասնակցելու Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին: Ղազախստանի ու Հայաստանի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել, ունեցել ենք լավ հարաբերություններ: Հայկական սփյուռքը կամուրջ է հանդիսանում, այստեղ ապրող հայերը մեր քաղաքացիներն են՝ ղազախստանցիներ են: Նրանք միավորում են մեզ: Վերջին շրջանում մեր երկրների միջև առևտուրն աճել է, բայց վատ լոգիստիկայի պատճառով այն տուժում է: Մենք փոխանակելու բան ունենք. այն, ինչ դուք ունեք, մենք չունենք, ինչ մենք ունենք, դուք չունեք, այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ պետք է աշխատել»,- Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Նազարբաևը։

Մայիսի 29-ին Ղազախստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակում գործակցությունը:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի՝ մայիսի 29-ի նիստը հոբելյանական է. լրանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակը: Այդ առիթով Նազարբաևի անվան շքանշաններ են հանձնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին։

Մեկնաբանել