Վահե Գրիգորյանը՝ կրկին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար ներկայացրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը։

«Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Հանրապետության նախագահը հույս ունի, որ, ընտրվելով ՍԴ դատավոր, Վահե Գրիգորյանն իր ավանդը կներդնի Սահմանադրական դատարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանադրական արդարադատության, օրենքով Բարձր դատարանի դատավորին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման գործում:

Հ. Գ. Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Իր թեկնածության մասին Ֆեյսբուքում գրել է Վահե Գրիգորյանը․

«Հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական եւ խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության եւ հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եւ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի եւ նկարտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն»։

***

Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի ինը զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է այդ գործով ընթացող դատական գործընթացում։ Գրիգորյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ներկայացվել էր նաև անցյալ տարի, սակայն 2018թ․ հոկտեմբերի 23-ին խորհրդարանը, որտեղ ամենամեծ խմբակցությունն ուներ ՀՀԿ-ն, չընտրեց նրան։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել