Ազգային պատկերասրահի նմուշները՝ գերատեսչությունների ու մասնավոր ընկերությունների պատերին (լրացված)

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց Ազգային պատկերասրահը։ Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու լրագրողները բարձրաձայնում էին պատկերասրահից անհետացող թանգարանային առարկաների մասին։ Սրան զուգահեռ՝ 2011-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հաստատած կարգով, իսկ նրանից առաջ էլ մշակույթի այլ նախարարների հրամաններով՝ պատկերասրահից հարյուրավոր կամ միգուցե հազարավոր թանգարանային առարկաներ են տրամադրվել պետական գերատեսչություններին և նույնիսկ մասնավոր ընկերությունների։ Որոշ դեպքերում՝ պատկերասրահից դուրս եկած նկարները հետ չեն վերադարձել պահոցներ։ Թանգարանային առարկաները չեն ապահովագրվել, լավագույն դեպքում ստացած առարկաների դիմաց պատկերասրահը ստանում է չնչին գումարներ։

Նախարարի հրամանը՝ կանաչ լույս

2011-ի հունիսի 3-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հաստատել է պետական թանգարաններից ու պահոցներից թանգարանային առարկաների ժամանակավոր պահպանության ու օգտագործման հանձնման կարգը։ Դրանով սահմանվել է, որ թանգարանային հավաքածուն ժամանակավոր պահպանության կարող է հանձնվել պետական կառավարչական հիմնարկներին, ՀՀ տարածքի ֆիզիկական ու իրավաբանական անձանց, այլ պետությունների իրավաբանական անձանց։ Հայաստանի ազգային պատկերասրահը իրավունք է ունեցել իր թանգարանային առարկաներից պահպանության հանձնել նախագահի ընդունարանի ու աշխատասենյակի կահավորման, ԱԺ նախագահի աշխատասենյակների կահավորման, վարչապետի ընդունարանի ու աշխատասենյակների կահավորման համար։ Ըստ այդ կարգի՝ հավաքածու կարող է տրամադրվել նաև օտարերկրյա իրավաբանական անձանց։ Բոլոր այս դեպքերի համար պետք է կնքվի համապատասխան պայմանագիր և ապահովագրության պայմանագիր։ Պետական մարմինները, սակայն, թանգարանային առարկաների որևէ ապահովագրություն չեն կատարել և շարունակում են չկատարել։ Լավագույն դեպքում՝ Ազգային պատկերասրահից առարկաներ ստանալիս պետական հիմնարկները արձանագրում են առարկայի ապահովագրական արժեքը։

Մշակույթի տարբեր նախարարների հրամաններով տարբեր տարիների Հայաստանի ազգային հարստությունը համարվող թանգարանային առարկաները հայտնվել են նաև մասնավոր կազմակերպությունների ձեռքում։

Գեղանկարներ՝ «Գոլդեն փելիս»-ին ու ապակու գործարանին

Ազգային պատկերասրահը 2005-ին 10 գեղանկար է հանձնել «Գոլդեն փելիս հյուրանոց» ՍՊԸ-ին։ Այս հյուրանոցը կապվում է մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի հետ։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի 94 տոկոսի սեփականատերը օֆշորային գոտում գրանցված «Գոլդեն գրուպ լիմիթեդ» ընկերությունն է։ Ընկերության սեփականատերն էլ Արմեն Ավետիսյանի որդին է՝ Արտաշես Ավետիսյանը, որը նաև հյուրանոցի տնօրենն է։ Գեղանկարները ստանալուց յոթ տարից անց ազգային պատկերասրահը հարկ է համարել դրանցից երկուսը հետ վերցնել, վերանորոգել և դարձյալ հանձնել հյուրանոցին։ Խոսքը Վարդիթեր Կարապետյանի «Խոր Վիրապը և Արարատը» ու Վաղարշակ Սարգսյանի «Ամպամած օր Սևանում» գեղանկարների մասին է։ Առաջինի ապահովագրական արժեքը գնահատվել է 800 դոլար, իսկ երկրորդինը՝ 700 դոլար։ «Գոլդեն փելիսը» ապահովագրական որևէ գործընթաց չի իրականացրել։ 2013-ին պատկերասրահի բոլոր առարկաները վերադարձվել են պահոց։

2005-ին 411 միավոր առարկա Ազգային պատկերասրահը, դարձյալ մշակույթի նախարարի հրամանով, հանձնել է «Գլաս ուորլդ քամփընի» ՓԲԸ-ին։ Այս ընկերությունը Բյուրեղավանում զբաղվում էր ապակե տարաների արտադրությամբ։ Ներկայում ընկերությունը սնանկ է ճանաչված։ Քանի որ ընկերությունը փակ բաժնետիրական է, իրավաբանական անձանց ռեգիստրում ընկերության բաժնետիրոջ մասին տեղեկություններ չկան։ 2008-2015 թթ․ ընկերության գլխավոր տնօրենն է եղել Բաբկեն Սեդրակյանը։ Նա ներկայում ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության պետն է, դրանից առաջ էլ Ղրղզստանի պատվավոր հյուպատոսն էր Հայաստանում։ «Գլաս ուորլդ քամփընին» հասցրել էր նաև աշխատավարձի պարտքեր կուտակել։

Ընկերությանը Ազգային պատկերասրահի հանձնած առարկաները ներառում են բաժակներ, տարաներ, աղցանամաններ, ծաղկամաններ, մոխրամաններ և այլն։ 2008-ին ընկերությունը դրանք վերադարձրել է։ Մեկ առարկայի հետ, սակայն, խնդիրներ են եղել՝ այն ունեցել է վնասվածք։

«Շողիկի դիմանկարը» պետք է լիներ գեներալի աշխատասենյակում

Քանի որ մշակույթի նախարարի հրամանով թանգարանային առարկաներ կարող էին դուրս գալ պատկերասրահից ու «հոսել» դեպի պետական այլ գերատեսչություններ, պարզվում է, այդ գերատեսչությունների ղեկավար անձանցից ոմանք էլ կարողացել են Ազային պատկերասրահի հաշվեկշռում գտնվող թանգարանային իրեր սեփականացնել։ 2001-ին մշակույթի նախարարի հրամանով պաշտպանության նախարարության ընդունելությունների տանը պահպանության է հանձնվել ութ գեղանկար։ Ազգային պատկերասրահում պահպանվում են փաստաթղթեր, ըստ որոնց, հանձնումից երեք տարի անց՝ 2004-ի օգոստոսի 28-ին, Ազգային պատկերասրահի ներկայացուցիչները առկայության ստուգում են անցկացրել ընդունելությունների տանը, ու պարզվել է, որ Կառլոս Աբովյանի վրձնին պատկանող «Շողիկի դիմանկարը» կտավը բացակայում է։

Ըստ պատկերասրահի ակտերի՝ «պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանը ինքնակամ կերպով տարել է այն՝ իր աշխատասենյակը ձևավորելու համար»։ Դեպքի մասին տեղյակ է պահվել գլխավոր դատախազությանը, սակայն ապարդյուն։ Կտավը պատկերասրահին չի վերադարձվել։

Միքայել Գրիգորյանը գեներալ-լեյտենանտ է ու 2000-2005 թթ․ եղել է պաշտպանության փոխնախարար՝ սոցիալ-դաստիարակչական գծով։ 2009-ից նա Հայ-ռուսական միացյալ զորախմբի ղեկավարն էր։ Բացի «Շողիկի դիմանկարը»-ից՝ մնացած կտավները վերադարձվել են պատկերասրահին։

ԼՐԱՑՎԱԾ – Հոդվածի հրապարակումից հետո գեներալ-լեյտենանտը Միքայել Գրիգորյանը Սիվիլնեթի հետ զրույցում պարզաբանեց, որ նկարը ինքը նվեր է ստացել, իսկ դրա փոխարեն ՊՆ ընդունելությունների տունը այլ կտավներ է ստացել։ «Եթե երկրին վնաս է այդ նկարի՝ ինձ մոտ մնալը, ես պատրաստ եմ դա վերադարձնել, ոչ մի խնդիր չկա։ Բայց թող չասեն՝ տարել, աշխատասենյակս եմ կահավորել և այլն,- ասաց ու ավելացրեց։- Եթե իրավապահները կամ պատկերասրահը իրեն դիմեին, ներկայացնեին խնդիրը, ինքը պատրաստակամ էր նկարը վերադարձնելու»։

Դեսպանատանը այրված գեղանկարը

Ազգային պատկերասրահը ինը կտավ է հանձնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը՝ ժամանակավոր պահպանության։ Դրանք այժմ պահպանվում են դեսպանատանը՝ դարձյալ առանց ապահովագրության։ Պատկերասրահում առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ՝ Սիվիլնեթը պարզեց, որ այդ ընթացքում նկարիչ Լևոն Տեր-Կարապետյանի «Նատյումորտ վարդեր հայելիով» աշխատանքն այրվել է։ Մասնավորապես՝ ըստ դեսպանատան, գեղանկարն այրվել է 1997-ի հունվարի 19-ին դեսպանության առանձնասենյակներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։ Կազմվել է միջադեպը հավաստող ակտ։ Տարօրինակ կերպով, այդ ակտը կազմվել է 2001-ին։

«Միջադեպը հավաստող ակտը» մեկ նախադասությունից բաղկացած փաստաթուղթ է՝ ըստ որի բռնկվել է հրդեհ, ու գեղանկարը այրվել է։ Հրդեհի առկայության մասին որևէ այլ փաստ Ազգային պատկերասրահում չկա։ Ազգային պատկերասրահը գեղանկարների հետ դեսպանատանն է տրամադրել նաև ոսկեզօծ հինգ շրջանակ։ Դրանց մասին տեղեկություններ չկան։

Այդ տարիներին Ռուսաստանում Հայաստանի դեսպանն էր Սուրեն Սահակյանը։ Նա ներկայում պաշտոն ունի «ՎՏԲ-Հայաստան» բանկում։

Գերատեսչությունները շարունակում են իրենց մոտ պահել կտավները

Պետական մարմինները հեղափոխությունից հետո ոչ միայն չեն նվազեցրել երկրի գլխավոր պատկերասրահի նմուշներով իրենց սենյակները կահավորելու ավանդույթը, այլև նոր թափ են հաղորդել դրան։ Ներկայում 751 աշխատանք, որոնք պատկերասրահի հաշվեկշռում են, կառավարական տարբեր սենյակների պատեր են զարդարում։ Թանգարանային այս առարկաները, չնայած սահմանված կարգին, ապահովագրական գործընթաց չեն անցել։ Ազգային պատկերասրահը չնչին գումարներ է ստանում մեծ թվով առարկաներ ի պահ հանձնելու դիմաց։ Օրինակ, արտաքին գործերի նախարարությանը հանձնված առարկաների հարցով կնքված պայմանագրում նշված է, որ ԱԳՆ-ն ամսական 15 000 դրամ է հատկացնում պատկերասրահին՝ ստեղծագործությունների պահպանման ծախսերը հոգալու համար։

Կառավարությունը, խորհրդարանն ու նախագահականն առհասարակ, որևէ ֆինանսական պարտավորություն չեն ստանձնել Ազգային պատկերասրահի նկատմամբ։ Ըստ Ազգային պատկերասրահի տվյալների՝ ներկայում թանգարանային 34 առարկա պահվում է նախագահական նստավայրում (այդ թվում՝ Բաշինջաղյանի և Այվազովսկու կտավներ), 73-ը՝ ֆինանսների նախարարությունում, 53-ը՝ քննչական կոմիտեում, 145-ը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում, 133-ը՝ Հանրային հեռուստաընկերությունում։ Ըստ Ազգային պատկերարահի՝ վերջինին հանձնված աշխատանքներից չորսի մասին տեղեկություն չունեն։ Դրանք ներկայում հեռուստաընկերությունում չեն. խոսքը Ադա Գաբրիելյանի, Լևոն Հախյանի, Սեյրան Ղազարյանի ու Հրաչյա Խուդավերդյանի աշխատանքների մասին է։

Անցյալ տարի՝ անգամ հեղափոխության ամենաթեժ օրերին, պատկերասրահից կառավարական շենքեր նկարներ տեղափոխելու գործընթացը կանգ չի առել։ Ազգային պատկերասրահի փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանի իշխանության վերջին ու հեղափոխության օրերին, մասնավորապես՝ ապրիլի 20-ին, Սերժ Սարգսյանի աշխատակազմը չորս կտավ պահպանության համար վերցրել է պատկերասրահից։

Հեղափոխությունից հետո Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր նախարարություններին՝ խնդրելով վերադարձնել պատկերասրահի հաշվեկշռում գտնվող թանգարանային առարկաները։ Կոչին դրական արձագանքել էր մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը՝ վերադարձնելով իր աշխատասենյակում ու նախարարությունում գտնված կտավները։ Նախարարությունները, սակայն, մեծամասամբ շարունակում են թանգարանային իրերը պահել իրենց մոտ։

Կարգը պետք է փոխվի

Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը ասում է՝ դեմ է մշակույթի նախարարի այն հրամանին, որով թանգարանային առարկաները կարող են տրամադրվել պետական կամ մասնավոր կառույցներին. «Թանգարանի գործառույթները խիստ տարբերվում են ինտերիեր ձևավորելու գործառույթներից։ Թանգարանը հանրային ցուցադրություններ կազմակերպող է, ոչ թե աշխատասենյակ ձևավորող։ Այդ կարգի նկատմամբ ես ունեմ բացասական վերաբերմունք, մեր վերադաս մարմինն էլ լավ գիտեր այդ կարգի թերությունները»։

Նախարարի հրամանով՝ սահմանված կարգը գլխավոր ֆոնդապահը համարում է նաև գլխացավանք, քանի որ պատկերասրահի աշխատակիցները իրենց գործառույթներից դուրս գործառույթ են իրականացնում՝ այլ պետական մարմիններում նկարների առկայության ստուգում, առարկայի ուսումնասիրություն և այլն։ Մշակույթի նախարարի սահմանած կարգով՝ ազգային պատկերասրահի թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանմամբ կարող էին տրամադրվել նույնիսկ ֆիզիկական անձանց։

Փունարջյանն ասում է՝ մինչ այժմ որևէ ֆիզիկական անձի պատկերասրահից ստեղծագործություններ չեն տվել։ Նա հարց է բարձրացնում՝ ինչու պիտի թանգարանային առարկաները անհատույց հանձնվեն կառավարական հիմնարկներին, ինչու պիտի պատկերասրահը ֆինանսական օգուտներ չունենա այդ պայմանագրերից։

«Մեծ միջամտություն է պետք, կարգը ընդհանրապես պետք է փոխվի։ Մենք աշխատել ենք, առաջարկներ ենք արել, տարբերակներ ենք ունեցել, քննարկվեց, իշխանափոխությունից հետո ոչ մի շարժ չեղավ»,- նշում է Փունարջյանը։

Լույս, հատուկ ջերմաստիճան՝ նկարների համար

Մշակույթի նախարարի սահմանած կարգով՝ նկարների պահառուն պարտավոր է որոշ պայմաններ ապահովել նկարների համար։ Մասնավորապես՝ օդի ջերմաստիճանը պետք է լինի +18-20 աստիճան, օդի հարաբերական խոնավությունը՝ 50%, լուսավորությունը 70 լյուքս՝ զերծ արևի ուղիղ ճառագայթներից։ Խստորեն արգելվում է ստեղծագործությունները տեղակայել ջեռուցման սարքերի վերևում։

Որևէ տեղեկություն չկա, թե արդյոք այս պայմանները պահպանվել են այն գերատեսչություններում ու մասնավոր տարածքներում, որոնց հանձնվել են պատկերասրահի նմուշները։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել