ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին. ՀՀ ԱԳՆ

ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին. ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը:

«ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին», – նշեց Նաղդալյանը` մեկնաբանելով հայտարարությունում տեղ գտած ձևակերպումը, թե Լեռնային Ղարաբաղը «օկուպացված տարածք է»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելող իր քաղաքացիներին զգուշացնելով քրեական և վարչական պատասխանատվության մասին։

Ուկրաինայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․ «Մեր գործընկերների բազմաթիվ դիմումների կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ ԱԳՆ կայքում տեղադրված է տեղեկատվություն Ուկրաինայի քաղաքացիների այլ երկրների տարածք մտնելու/դուրս գալու մասին։

Դա մասնավորապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի (Ադրբեջանի Հանրապետություն) օկուպացված տարածքին և նրան հարակից շրջաններին, ինչպես նաև օկուպացված Աբխազիայի տարածք և Ցխինվալիի շրջան/Հարավային Օսիա (Վրաստան) մտնելուն։

Ուկրաինան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքային ամբողջականությանը նրանց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատակամորեն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Ցխինվալիի շրջան/Հարավային Օսիա և դրանց հարակից շրջաններ այցելելու որոշումն ընդունելիս առաջնորդվել Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի օրենսդրություններով։

Այդ օրենսդրության խախտումն առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն»։

Կարդացե՛ք նաև՝

Ուկրաինա․ ընտրություններ, հեղափոխություն, զուգահեռներ Հայաստանի հետ

Մեկնաբանել