System of a Down-ը նողկանք է արտահայտում, որ իր անունը շահարկում են քաղաքական նպատակներով

System օf a Down խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2015-ի երևանյան համերգից հոնորար չի ստացել։ «Մեր նողկանքն ենք արտահայտում, որ խմբի անունը շահարկվում է քաղաքական նպատակներով»,- նշվում է հայտարարությունում։

Աշխարհահռչակ ռոք խումբն իր վրդովմունքն է հայտնում հայկական մի քանի լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկության մասին, որ իրենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի համար մեծ հոնորարներ են ստացել։

«Ցավալի է, որ կարելի է քաղաքականացնել գրեթե ցանկացած բան աշխարհում, երբ արտիստների առաքինությունը վարկաբեկում են քաղաքական նպատակներով՝ ապատեղեկատվություն կամ այլ կերպ ասած՝ կեղծ լուրեր տարածելու միջոցով։ Ավելի մեծ սուտ հնարավոր չէր»,- հայտարարել է խումբը։

System of a Down-ի հայտարարության մեջ նշված է, որ 2015-ին Հայաստանի կառավարությունն է հրավիրել խմբին և եղել է հովանավոր, վճարել է այն ծախսերի համար, որ ներառում էր բեմի տեղադրումը, պրոդյուսինգը, անձնակազմի թռիչքն ու կացության ծախսերը, և խմբի անդամներից ոչ ոք ոչ մի լումա չի աշխատել։

2019-ի հոկտեմբերի 9-ին Երևանում խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը հայտարարեց, որ խումբն իր եվրոպական շրջագայության ընթացքում նախատեսում է համերգ ունենալ նաև Երևանում։ Առաջիկա համերգային ծրագրին անդրադառնալով՝ խումբը հայտարարել է, որ «իրենք սիրով ընդունել են Հայաստանի ներկայիս կառավարության նմանատիպ առաջարկը` ելույթ ունենալ Երևանում հաջորդ տարվա ամռանը (օրը կհայտարարվի շուտով), որտեղ ևս խումբը որևէ գումար չի վերցնելու»։

«Մենք ցավում ենք այն փաստի համար, որ անգամ անհրաժեշտություն է առաջացել նման հայտարարություն անելու և մեր նողկանքն ենք արտահայտում, որ խմբի անունը շահարկվում է քաղաքական նպատակներով»,- ասված է հայտարարությունում։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել