Ադրբեջանում՝ սեփականության բաժանում, որը սրվելու է նավթային եկամուտների նվազմանը զուգահեռ․ Jam News

Կովկասյան jam-news.net հնգալեզու կայքը հոդված է հրապարակել Ադրբեջանում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների մասին՝ «Ի՞նչ է փոխվում Ադրբեջանում․ հասարակությո՞ւնը, կառավարությո՞ւնն, ընդդիմությո՞ւնը» վերտառությամբ։ Ծավալուն հոդվածն անդրադառնում է անցյալ շաբաթ ադրբեջանցի մի շարք հնաբնակների հրաժարականներին և դրանից առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերին։ Ստորև ներկայացված են հոդվածից հատվածներ, մասնավորապես, JAM News-ի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևի մեկնաբանությունը։

Շահին Ռզաևը կարծում է, որ ընդդիմությունն ավանդաբար ակտիվանում է աշնանն ու գարնանը «միայն այն պատճառով, որ ձմռանը շատ ցուրտ է, իսկ ամռանը բոլորն արձակուրդում են»։ «Մեզ մոտ պաթոլոլգիական կայունություն է, և, հնարավոր է, երկրում ազդեցիկ մարդիկ կան, որոնք դեմ չեն այն խաթարել։ Հանրահավաքները դրա համար հարմար գործիք են»,- կարծում է Ռզաևը։

«Արտասահմանցի ընթերցողը կարող է զարմանալ․ իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Պատվավոր թոշակի են ուղարկել չորս պետական գործչի, որոնք ութսունն անց են, վաղուց ժամանակն էր։

Սակայն Ադրբեջանի բնակիչները դեռ շփոթված են․ ինչպե՞ս ենք մենք շարունակելու ապրել առանց Ռամիզ Մեհթիևի։ Շատերի գիտակցությունում հենց այդ մարդն էր մեր ավտորիտար համակարգի առանցքը դեռևս խորհրդային «լճացումից» ի վեր։ Թվում էր, թե նա հավերժ է, անխորտակելի, զրահակիր, դինոզավր, եգիպտական բուրգ։ Եվ միաժամանակ ևս երեք տարեց պաշտոնյաների հրաժարականը (երկու փոխվարչապետի և Գիտությունների ակադեմիայի նախագահի), իհարկե, չէր կարող պատահական զուգադիպություն լինել։

Թիմի երիտասարդացման պատրվակով, հնարավոր է, վերահսկողության տակ են առնվում կառավարության առանցքային դիրքերը։ Դա հեշտ է բացատրել մեկ կլանի պայքարով (առաջին փոխնախագահի ղեկավարությամբ) մյուսի դեմ (հին գվարդիայի, Նախիջևանում և Հայաստանում ծնվածների)։

Ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Սակայն մի բան պարզ է․ սեփականության բաժանում է տեղի ունենում, որը սրվելու է նավթային եկամուտների նվազմանը զուգահեռ (իսկ այդ եկամուտների ամենաբարձր շեմն արդեն անցյալում է)։

Ցույցերը կարող են այդ էլիտայի միջև պայքարում գործիք լինել։ Այդ պատճառով էլ լիովին բացատրելի է ռեֆորմատորի իմիջ ստեղծելու Իլհամ Ալիևի ցանկությունը։ Սակայն չէի ասի, որ այս բոլոր փոփոխությունները մեկ հանրահավաքի հետևանքն են հանդիսանում։ Իհարկե, այս բոլոր քայլերը կշռադատված և նախապես մտածված էին»,- նշել է Ռզաևը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Կարդացե՛ք նաև՝

Ադրբեջան․ ներքաղաքական ամենամեծ փոփոխությունը 16 տարվա մեջ

Մեկնաբանել