Ալիևը հորդորել է «ճիշտ կրթել երիտասարդությանը», որ չդառնան հեղափոխությունների թիրախ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվի համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, մի շարք հետաքրքիր շեշտադրումներ է արել, հերթական անգամ հիշել Գարեգին Նժդեհին և մուսուլմանական երկրներին մեղադրել այն բանի համար, որ «գրկախառնվում են Հայաստանի հետ»։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի հետ Գարեգին Նժդեհի թեմայով երկխոսությունը, Հայաստանն անվանել «ֆաշիստական» երկիր, որտեղ «երեխաներին սովորեցնում են ատել մուսուլմաններին»։

Ալիևի խոսքով՝ որոշ երկրներ և օտարերկրյա շրջանակներ ձգտում են կառավարել Ադրբեջանը, ինչն արել են 90-ականների սկզբին, սակայն «հիմա դա արդեն անհնար է»։

Նա հորդորել է չհավատալ դրսի հայտարարություններին, թե ուզում են օգնել Ադրբեջանին։ Ալիևը հատկապես շեշտադրել է երիտասարդությանը։

Ալիևը մերժել է Արևմուտքի քննադատությունը Ադրբեջանում իրավունքների ոտնահարումների ու ժողովրդավարության խախտման վերաբերյալ։

«Որքան էլ փորձեն, ձգտեն, որքան սուտ ու զրպարտանք տարածեն, այդ ամենը մեզ չի դիպչում, քանի որ ժողովուրդը մեզ սատարում է, ինչի մասին են վկայում վերջին հարցումները։ Բնակչության մեծամասնությունը չի տեսնում մեզ այլընտրանք, և ո՞վ կարող է լինել մեզ այլընտրանք»,- հայտարարել է Ալիևը։

Նա կրկին խոսել է երիտասարդության մասին, որին «թիրախավորել են արտասահմանյան շրջանակները»՝ «նրանց մոլորեցնելու, ուղեղները թունավորելու, ժողովրդի դեմ հանելու նպատակով»։

Ալիևը կոչ է արել ուսուցիչներին «ճիշտ կրթել երիտասարդությանը»։

Ադրբեջանի ղեկավարը հիշեցրել է գունավոր հեղափոխությունների մասին՝ հավելելով, որ Ադրբեջանն ընտրված էր որպես հաջորդ երկիրը հեղափոխության իրականացման համար։

«Վերնաշապիկներ էին թողարկվել «Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան, Ադրբեջան» գրություններով։ Այսինքն չորրորդը մենք պետք է լինեինք, իսկ մեզնից հետո՝ մյուսները։ Այժմ ամբողջ աշխարհն է տեսնում, որ հեղափոխություններն այդ երկրներին բերել են միայն դժբախտություն»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը մեղադրել է մուսուլմանական երկրներին, որոնք «գրկախառնվում են Հայաստանի հետ», մինչդեռ վերջինս «գետնին է հավասարեցրել իրենց մզկիթները»։

«Արդյոք չե՞ք տեսնում, որ նրանք հողին են հավասարեցրել մեր մզկիթները։ Չէ՞ որ այդ մզկիթները պատկանում են ոչ միայն մեզ, այլև ամբողջ իսլամական աշխարհին։ Ինչպե՞ս կարելի է դրա վրա աչք փակել»,- հարցադրումներ է արել Իլհամ Ալիևը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել