Մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է երեխաների ապօրինի որդեգրման գործով

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը»:

Ավելի վաղ ոստիկանությունը և ԱԱԾ-ն հանդես էին եկել մամուլի հաղորդագրություններով՝ հայտնելով, որ գործընթացը սկսվել է դեռևս 2009 թվականին:

Նշվում էր, որ դեռևս այդ ժամանակ որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ ինքը երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է տվյալ երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Հատկանշական է, որ համաձայն ԱԱԾ-ի հաղորդագրության, բացահայտվել են երեք տասնյակ հայ երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր Իտալիայի քաղաքացիների կողմից:

Ըստ գործի նյութերի՝ Հայաստանի երկու քաղաքացի, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, կազմակերպել են օտարերկրյա քաղաքացիների կողմից ապօրինի որդեգրումները:

#CivilNet #News

Մեկնաբանել