Ինչ ընթացակարգով է անվստահություն ներկայացվում վարչապետին 

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները («Հայաստան» և «Պատիվ ունեմ») համաձայնություն են հայտնել սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Այս մասին Հանրապետության հրապարակում այսօր հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Ինչպես է այս գործընթացն իրականացվում խորհրդարանում՝ ըստ Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի․

  • Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու։ Այսինքն՝ հարկավոր է առնվազն 36 պատգամավոր, որ ներկայացվի անվստահության նախագիծը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների թիվը 35 է, ինչպես նաև խորհրդարանում է նաև նախկինում «Պատիվ ունեմից» Իշխան Զաքարյանը, որը որևէ խմբակցությունում ընդգրկված չէ, եթե նա միանա ընդդիմությանը, ապա նախագիծը կարող է ներկայացվել քվեարկության։
  • Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո։
  • Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ։ Այսինքն՝ 107 պատգամավորներից առնվազն 54-ը պետք է միանա, սակայն ընդդիմությունն այդքան ձայն չունի:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել