Վրաստանում կառավարության քննադատները հարձակման են ենթարկվել իրենց տների մոտ

OC Media

Վրաստանում կառավարության առնվազն չորս քննադատ անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել փողոցներում կամ իրենց տներից դուրս՝ երկրում օտարերկրյա գործակալների օրինագծի հակառակորդների նկատմամբ բռնության և ոտնձգությունների աճող արշավի ֆոնին:

Չորեքշաբթի երեկոյան Թբիլիսիում իր շենքի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դիմիտրի Չիկովանին։ Հարձակման տեսախցիկների տեսագրությունները ցույց են տվել, որ հինգ հարձակվողները դարանակալել են նախքան Չիկովանիի վրա հարձակվելը և ծեծելը:

Հարձակումից հետո Չիկովանին շարունակել է դիմադրել:

«Ես ուզում եմ ասել իմ ընկերներին, այն մարդկանց, ովքեր արդեն երեք շաբաթ է՝ փողոցներում բողոքում են ռուսական օրենքի դեմ, որ այս ռեժիմն ավարտված է, նրանք չեն կարող մեզ վախեցնել, չեն կարող ծնկի բերել։- ասել է նա Formula հեռուստաընկերությանը:- Սա նրանց վերջն է»։

Չորեքշաբթի փողոցում հարձակման է ենթարկվել նաև ակտիվիստ Լաշա Ղվինիանիձեն, որն հաճախակի աջակցել էր մոտոցիկլետներով ակցիաների կազմակերպմանը օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։

«Նախ երեկ սկսեցին զանգահարել իմ հեռախոսին, հետո կնոջս, հետո այսօր հեռախոսով սպառնացին 72-ամյա հորս,- ասել է Ղվինիանիձեն Pirveli հեռուստատեսությանը։- Երեկոյան նրանք իրականացրին իրենց սպառնալիքը»։

Նույն օրը երեկոյան հարձակման է ենթարկվել ընդդիմության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի եղբայր Գիա Ջափարիձեն իր տան մուտքի մոտ։

«Նրանք սկսեցին ծեծել ինձ։ Նրանցից շատերը փայտերով հարվածեցին ինձ,- ասել է Ջափարիձեն հարձակումից հետո։- Հարցնում էին, թե ինչու եմ ես դեմ ռուսական օրենքին»։

Ջափարիձեն նախկին դիվանագետ է և համալսարանի պրոֆեսոր։

Երեքն էլ բժշկական օգնության կարիք են ունեցել, իսկ Ջափարիձեն ու Չիկովանին չորեքշաբթի կեսօրին մնացել են հիվանդանոցում։

Հինգշաբթի տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ Մառնեուլիում, ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժման» մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիորգի Մումլաձեն: Մումլաձեն պատմել է, որ հարձակումից առաջ նկատել է, որ մեքենան հսկում է իրեն իր տան մոտ:

«Ես սկսեցի տեսանկարահանել, մեքենան կանգնեց, և ամրակազմ, դիմակավորված չորս տղա դուրս ցատկեցին և սկսեցին կռվել ինձ հետ, պատռեցին հագուստս, խլեցին հեռախոսս ու տարան»,- ասել է նա։

Բռնությունը տեղի է ունենում Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի հակառակորդների դեմ աճող հարձակումների ֆոնին:

Վերջին օրերին, օտարերկրյա գործակալների օրինագծի հակառակորդներ, այդ թվում՝ ակտիվիստներ, քաղաքական գործիչներ և ցուցարարներ հայտնել են անհայտ մարդկանցից սպառնալից հեռախոսազանգեր ստանալու մասին:

Մի քանի ակտիվիստ, լրագրող և քաղաքական ընդդիմադիր գործիչ նույնպես հայտնել է, որ ագրեսիվ մարդիկ թակում են իրենց տների դռները, ինչպես նաև վիրավորական գրաֆիտիներ և պաստառներ փակցրել իրենց տների վրա:

«Արևելյան Եվրոպայի բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոնի» գործադիր տնօրեն Լևան Ցուցկիրիձեն X-ում գրել է , որ «այդ պաստառներից փակցրել են Թբիլիսիի մեր գրասենյակի պատուհաններին՝ ասելով, որ մենք «դավաճաններ ենք», «օտար փողի ստրուկներ» և այլն»։

Հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին պնդել է, որ հետաքննություն են սկսել հարձակումների վերաբերյալ:

Այնուամենայնիվ, արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ավելւ ուշ մեղադրել է օտարերկրյա գործակալների օրինագծի հակառակորդներին իրենց իսկ կողմնակիցների վրա հարձակումներ իրականացնելու համար:

«Եթե որևէ մեկը կարող է կազմակերպել այս կարգի անկարգություններ, ապա, անշուշտ, հանրահավաքներին կանգնած մարդիկ են, որոնք ցանկանում են բողոքի կայծ ստեղծել երկրում»,- ասել է նա լրագրողներին։

«Ով ուզում է ցույցերը խթանել, նրան ձեռնտու է, որ հնարավորինս շատ վիրավորներ լինեն։ Կառավարությանը միանշանակ ձեռնտու չէ որևէ մեկին վնասել կամ բողոքի ցույցեր հրահրել»,- ասել է նա։

Չորեքշաբթի և հինգշաբթի հարձակումները առաջինը չէին օտարերկրյա գործակալների օրինագծի հակառակորդների դեմ:

Մայիսի 3-ին ցույցի ժամանակ շուրջ 20 տղամարդ դարանակալել և ծեծի էին ենթարկել ցուցարարների մեկուսացված խմբին Թբիլիսիի Հերոսի կենտրոնական հրապարակում: Չնայած հարձակումների ժամանակ հարձակվողների դեմքերը տեսանելի են եղել, և սոցցանցերի օգտատերերը պնդում էին, որ իրենք հայտնաբերել են նրանց, բայց դրան ձերբակալություններ չեն հետևել:

Չորեքշաբթի կառավարության քննադատների վրա հարձակումներին նախորդել էին ցուցարարների մի շարք ձերբակալություններ։

Հինգշաբթի ՆԳՆ-ն վեց անձի մեղադրանք է առաջադրել «գույքը վնասելու» և օտարերկրյա գործակալների օրինագծի դեմ բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանների վրա հարձակվելու համար։

Եթե մեղավոր ճանաչվեն, նրանց կարող է սպառնալ մինչև 11 տարվա ազատազրկում:

Տասնյակ մարդիկ նույնպես ձերբակալվել են, որոնց մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտումների համար։

Անցյալ տարի օտարերկրյա գործակալների օրինագծի դեմ բողոքի ցույցերի ժամանակ երկու ցուցարարի քրեական մեղադրանք էր առաջադրվել։ Թոռնիկե Ակոպաշվիլին տուգանվել է 3000 լարիի չափով (1120 դոլար) և երկու տարվա պայմանական ազատազրկման։

Լազարե Գրիգորիդիսը ինը տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Նրան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ապրիլի 12-ին անմիջապես ներում էր շնորհել։

Վրաստանի օտարերկրյա գործակալների օրենսդրությունը քաղաքացիական հասարակության կամ որևէ մեդիա կազմակերպության, որը իր ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստացել է Վրաստանից դուրս գտնվող աղբյուրներից, պիտակավորում է «օտար երկրի շահերն սպասարկող կազմակերպություն»: Նման կազմակերպությունները կենթարկվեն «մոնիթորինգի» արդարադատության նախարարության կողմից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ինչը, ըստ իրավաբանների, կարող է ներառել նրանց ներքին հաղորդակցությունները և գաղտնի աղբյուրները հանձնե ստիպելը: Այն կազմակերպությունները, որոնք չեն կատարի պահանջները, կենթարկվեն խոշոր տուգանքների:

Մեկնաբանել