Աշխատանք է տարվում հայ և ադրբեջանցի մյուս ազատազրկվածների փոխանակման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ

Հայ և ադրբեջանցի գերիների փոխանակման հարցը մշտապես բանակցությունների օրակարգում է․ երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք մշտապես արտահայտվել ենք այդ հարցով։ Գերիների փոխանակման հարցը մշտապես բանակցությունների օրակարգում է։ Մասնավորապես, այդ թեմային է նվիրված եղել այս տարվա ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար միջոցներ ձեռնարկել՝ թույլ տալու հարազատներին այցելել կողմերի տարածքում ազատազրկված անձանց։ Ինչպես գիտեք, Կարմիր խաչի հովանու ներքո այս տարվա հունիսին հայրենիք են վերադարձել Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլուն և Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանը։ Ողջունում ենք կարևոր այդ գործողությունը։ Կարող եմ ասել, որ աշխատանք է տարվում մյուս ազատազրկվածների ուղղությամբ։ Եթե պայմանավորվածություն կայացվի, մենք, անշուշտ, կաջակցենք դրան»,- ասել է Զախարովան։

***

Այս տարվա հունիսի վերջին Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները մեկական ձերբակալվածի են փոխանակել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են 2019–ին մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և 2017-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

Ադրբեջանը պարբերաբար առաջարկում է Հայաստանին փոխանակել գերիներին ու պատանդներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Հայաստանը, սակայն, իրավաչափ չի համարում Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշի քրեակատարողական հիմնարկ»-ում գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ։

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք ունենալով զենք ու զինամթերք, 2014թ․ հունիսի 29-ին հետախուզական գործողությունների նպատակով ապօրինաբար հատել էին ԼՂ սահմանը և ներխուժել Շահումյանի շրջանի տարածք, այժմ պահվում են Շուշիի քրեակատարողական hիմնարկում: Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Հայկական կողմից Ադրբեջանում է գտնվում Կարեն Ղազարյանը, որը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել 2018-ի ամռանը և այնտեղ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել այս տարվա օգոստոսին։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքով՝ Ղազարյանը «աշխարհագրորեն մոլորվել է»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել