«Տոռ-Մ2ԿՄ» համալիրների ձեռք բերումը ամբողջականացնում է ՀՀ հակաօդային պաշտպանությունը

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են զենիթահրթիռային «Տոռ-Մ2ԿՄ» համալիրներով․ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ դա «տարվա կարևոր ձեռքբերումներից» մեկն է, որը, ռազմական փորձագետների համաձայն, կարևոր քայլ է Հայաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

«2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարեւոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Տոռ» ԶՀՀ-ների այս մոդիֆիկացիան տեղադրված է անվավոր շասսիի վրա, Հայաստանին մատակարարվել են «ԿամԱզ»-ի վրա տեղադրված տարբերակները:

ԶՀՀ-ների ստացման մասին հրապարակում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ֆեյսբուքում տեղադրելով այդ համակարգերի ժամանման մի քանի լուսանկարներ:

ՀՕՊ եռաստիճան համակարգը համալրվեց

«Տոռ-Մ2ԿՄ» համալիրների ձեռք բերումը կարևոր քայլ է Հայաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ամբողջականացման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը:

«Արդյունավետ ու ճկուն աշխատանքի տեսանկյունից ՀՕՊ համակարգերը պետք է ներառեն մի քանի բաղկացուցիչ: Այդ համակարգերն, ըստ էության, եռաստիճան են՝ մեծ, միջին և մոտ հեռահարության: Հայաստանն ավանդաբար զարգացնում էր ՀՕՊ-ի մեծ հեռահարության համալիրները (օրինակ՝ Ս-300-ների առկայությունը), վերջին շրջանում սկսեց նաև միջին հեռահարության համալիրներ ձեռք բերել, որոնցից է «Բուկ» արդիականացված զենիթահրթիռային համալիրը: Մոտ հեռահարության մասով, որը շատ կարևոր է անօդաչու թռչող սարքերից, հրթիռներից պաշտպանվելու համար, մենք կաղում էինք: Բանակի կազմում գործում էին «Օսա» ԽՍՀՄ արտադարության զենիթահրթիռային համակարգեր, որոնք հին են և նոր սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից ոչ արդյունավետ»,- նշեց փորձագետը։

«Այդ համակարգում պետք է ինտեգրված լինեն հեռահարության և ֆունկցիոնալության տեսակետից տարբեր համալիրներ: Մյուս կողմից, հաշվի առնելով պատերազմի թատերաբեմն ու մեր լեռնային ռելիեֆը, մոտ հեռահարության նման համալիրները կարևոր են պաշտպանական համակարգում տարբեր խութեր փակելու համար: Դրանք շատ մոբիլ և բազմաֆունկցիոնալ են, օգտագործվում են թե՛ պետական օբյեկտների, թե՛ նույն հեռահար ՀՕՊ համակարրգերի պաշտպանության, և թե՛ ԱԹՍ-ների խոցման համար: Հատկապես վերջիններս ակտիվորեն կիրառվեցին ապրիլյան պատերազմի ժամանակ և էական վնաս հասցրին հայկական կողմին», – նկատեց զրուցակիցը:

Փորձագետի խոսքով՝ այս ձեռք բերումը նաև ցույց է տալիս՝ թեպետ Հայաստանը հայտարարել է հարձակողական օդուժի զարգացման մասին և այդ նպատակով ձեռք է բերում Սու-30ՍՄ բազմաթիրախային ռուսական կործանիչներ, միևնույն ժամանակ, երկիրը չի հեռանում ՀՕՊ-ի զարգացման տրամաբանությունից:

«Սա հենց այդ տրամաբանության շարունակույթունն է», – եզրափակեց Դավիթ Հարությունովը։

«Տոռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրների մասին

Այս ԶՀՀ-ների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել դեռևս 2018-ի մայիսին ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Այն ժամանակ նշվել էր, որ մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն զինված ուժերում, հայտնում է ՌազմԻնֆոն։

Համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը

1. Խոցման առավելագույն հեռավորությունը – 15 կմ

2. Միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը – 48

3. Միաժամանակ հրետակոծվող թիրախների քանակը – 4

4. Միաժամանակ ղեկավարվող հրթիռների քանակը – 8

5. Թիրախների շարժի առավելագույն արագությունը – 700 մ/վ

6. Անձնակազմը – 3 մարդ

«Տոռ-Մ2ԿՄ» գերժամանակակից, 2019 թվականի արտադրության զենիթահրթիռային այս համակարգը, ըստ փորձագետների, նախատեսված է ռազմական և պետական կարևորագույն օբյեկտներն օդային հարձակումներից պաշտպանելու համար։

Այն հնարավորություն ունի խոցելու հակառակորդի ինքնաթիռները, ուղղաթիռները, անօդաչու թռչող սարքերը՝ անգամ «անտեսանելի» տեխնիկական հնարավորություններ ունեցող և նույնիսկ թևավոր հրթիռները, ավիացիոն ռումբերը։ Միաժամանակ կարող է հայտնաբերել 144 նշանակետ և միաժամանակյա հսկողության տակ պահել 20 առավել վտանգավոր նշանակետ։ Կարող է աշխատել ինչպես անձնակազմի կառավարմամբ, այնպես էլ ամբողջովին ավտոմատ։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել