Փաստարկների սնանկությունը Ադրբեջանը փորձում է կոմպենսացնել փակուղային թեզերի մշտական կրկնությամբ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այսօր արած հայտարարությանը, թե ԼՂ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը Հայաստանից եկող հակասական հայտարարությունները: Գրեթե նմանաբովանդակ հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահը:

«Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ: Գուցե այդ թեզերը որոշակի արժեք ունեն Ադրբեջանի ներքաղաքական միջավայրում՝ հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցող վերադասավորումները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները, սակայն դրանք որևէ ձևով չեն նպաստում խաղաղ գործընթացին և ուստի որևէ արժեք չունեն»․- ասել է Աննա Նաղդալյանը։

Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հարցազրույցում անդրադարձել է նաև Արցախում դատապարտված Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին՝ նշելով, որ վերջիններիս կողմից հարազատների գերեզման այցելությունը չի կարող հանցագործություն համարվել: (Ասկերովն ու Գուլիևը 2014-ին դիվերսիոն գործողություններ էին իրականացրել հայկական կողմում, սպանել մեկ սպայի և Քարվաճառի Նոր Էրքեջ գյուղի 16-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին):

«Ցավալի է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի մակարդակով արդարացվում է 16-ամյա Սմբատ Ցականյանի սպանությունը: Դա բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը հակամարտության գոտում բնակվող մարդկանց նկատմամբ: Կցանկանայի վերստին հիշատակել, որ Ադրբեջանի նախագահն անչափահասին սպանած մարդկանց համեմատել է Ռամիլ Սաֆարովի հետ: Կարծում ենք՝ այդ համեմատությամբ ամեն ինչ ասված է»,- ասել է Աննա Նաղդալյանը։

Սմբատ Ցականյանի հուղարկավորության մասին ՍիվիլՆեթի տեսանյութը՝ ստորև․

#CivilNet #News

Մեկնաբանել