Գագիկ Խաչատրյանի զարմիկ Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Խաչատրյանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հունվարի 22-ի ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար։

«Ուզում եմ արձանագրել, որ սա կարևոր, բայց և ուշացած որոշում էր դատարանի կողմից։ Չկային Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր։ Նա արդեն տևական ժամանակ է՝ շուրջ հինգ ամիս, ինչ գտնվում է կալանքի տակ և առաջին իսկ օրվանից սկսած մենք հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։ Այս անգամ դատարանն իր բարձունքի վրա էր և օրինական որոշում կայացրեց»,- նշել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ Կարեն Խաչատրյանը եղել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնումների համար:

Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանին ձերբակալել էր 2019-ի օգոստոսին։ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման համար։

#CivilNet #News

Լուսանկարում՝ Գագիկ Խաչատրյանը (Ֆոտոլուր)

Մեկնաբանել