Դատախազությունում քննարկվել է քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման հիմնահարցերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, ՀՀ դատախազության և իրավապահ մյուս մարմինների այլ ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ որոշվել է ապահովել խիստ մասնագիտացում, առանձնացնել այս գործերով զբաղվող կոնկրետ դատախազների և քննիչների՝ աշխատանքների պատշաճ արդյունավետությունն ապահովելու նպատակով:

«Ուշադրություն է դարձվել քրեական ենթամշակույթի դեմ համակողմանի և հետևողական պայքարին այդ ենթամշակույթի կրող խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերի կանխարգելման, չեզոքացման կառուցակարգերին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի արհեստածին և կեղծ կանոններն ու նորմերը, դրանք մարմնավորող անձանց հեղինակություններ համարելու՝ տասնամյակներով արմատացած բարքերը ձևավորում են լրջագույն հանցածին միջավայր, հանդիսանում հանցագործություններին նպաստող հիմնական պատճառներից: Այդ իմաստով, ըստ Արթուր Դավթյանի, բոլոր հնարավոր մեխանիզմներն ու իրավաչափ ռեսուրսներն օգտագործվելու են հասարակական հարաբերություններում, մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում քրեական ենթամշակույթն իր բոլոր դրսևորումներով արմատախիլ անելու համար՝ այդ ճանապարհին ապահովելով հնարավորինս արագ, շոշափելի և առարկայական արդյունքներ:

Շահագրգիռ քննարկման ընթացքում խնդիր է դրվել հանրային միջավայրերում, հատկապես երիտասարդության ու դեռահասների շրջանում, քրեական ենթամշակույթի ազդեցությունն ու նշանակությունը նվազեցնելու, դրա դեմ պայքարին միտված օրենսդրական և քրեաիրավական նոր կարգավորումների, վերջիններիս նպատակների, խնդիրների ու կիրարկման հետևանքների պարզաբանման նպատակով իրականացնել հանրային իրազեկման համալիր միջոցառումներ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև քրեական հետապնդման արդյունավետության, իրավական որոշակիության սկզբունքի ապահովման համատեքստում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների, քրեական հեղինակություն հասկացության, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման ապացուցողական բազայի, միասնական չափանիշների ապահովման խնդրի վրա:

Խորհրդակցության ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ որոշվել է ապահովել խիստ մասնագիտացում, առանձնացնել այս գործերով զբաղվող կոնկրետ դատախազների և քննիչների՝ աշխատանքների պատշաճ արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հանցավոր նման խմբավորումների հետ հնարավոր կապերի, համագործակցության դրսևորումներն արմատախիլ անելու, նման դեպքերի հայտնաբերման դեպքում խիստ պատժողական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունը»,- ասված է դատախազության հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ ՀՀ դատախազության պաշտոնական կայքը

Մեկնաբանել