ՊԵԿ նախկին ո՛ր տեղակալին է առաջադրվել մեղադրանքը․ գործի հետքերով

Ազգային անվտանգության ծառայությունը մարտի 4-ին հաղորդեց, որ մեղադրանք է առաջադրվել 2009-2016 թթ. Պետեկամուտների կոմիտեի նախագահի, նաև ֆինանսների նախարարի նախկին տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձին։ 

ԱԱԾ հաղորդագրությունում նշվում էր, որ այդ «պաշտոնատար անձը ապահովել է պետական բյուջեի հանդեպ շուրջ 80 միլիարդ դրամի պարտավորությունների դիմաց տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ  ընկերության 132 615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով իրացումը ՊԵԿ նախագահի ազգականների մասնակցությամբ հիմնադրված ընկերությանը, ինչպես նաև իր գործողություններով ազատել է այդ ընկերությունը 5 միլիոն եվրոյին համարժեք ներդրում կատարելու պարտավորությունից»: 

Բացի այդ, ըստ հաղորդագրության, նշված պաշտոնյան տեղեկանալով, որ ֆինանսների նախարարի ազգականների կողմից օֆշորային գոտում գրանցված ընկերությունը 6 միլիոն դոլարի փոխառություն է տվել մի տնտեսվարող սուբյեկտի, որի գույքերի նկատմամբ դրվել է արգելանք, փոխառության վերադարձն ապահովելու համար հանել է դրանք արգելանքից։ 

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ ՊԵԿ փոխնախագահը, որն այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, Տիգրան Բարսեղյանն է։ Վերջինս եղել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մերձավորը, ՊԵԿ-ում եղել նրա տեղակալը։ Գագիկ Խաչատրյանի՝ ֆինանսների նախարար դառնալուց (2014) հետո զբաղեցրել ֆինանսների փոխնախարարի պաշտոնը։ 

Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, իսկ Տիգրան Բարսեղյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։ 

«Հիդրոապարատ» ԲԲԸ-ը մասնավորեցումը

Ջրվեժում խորհրդային տարիներին հիմնված այս գործարանը մասնավորեցվել է 1994-ին։ Ընկերությունը մասնավորեցվել է, բաժնետոմսերը բաշխվել են ընկերության աշխատակիցների միջև, իսկ ԲԲԸ-ի մի մասի սեփականատեր է դարձել «ԱՄՖ» ընկերությունը, որի սեփականատերը հրազդանցի գործարար Ֆրունզ Գալստյանն է։ Վերջինիս բաժնեմասն անցել է «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը։ 

Ընդհանուր առմամբ՝ «Հայգազարդ»-ի բաժնեմասը կազմել է 65 տոկոս, որը հետագայում հարկային չկատարած պարտավորությունների դիմաց գրավադրվել է Պետեկամուտների կոմիտում։ Հետագայում «Հիդրոապարատ»-ում 5 միլիոն եվրոյի ներդրում կատարելու խոստումով ընկերությունն օտարվել է «Մոնդո դի մոբիլի» ՍՊԸ-ին։ 

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մոնդո դի մոբիլի» ընկերությունը հիմնվել է 2012-ին։ Ընկերության մասնակիցներն են եղել Լյուքսեմբուրգում գրանցված «Լյուքսռեալ» ՍՊԸ-ն ու քաղաքացի Ռուբիկ Գասպարյանը՝ յուրաքանչյուրը 50 տոկոս բաժնեմասով։ Ըստ ռեգիստրի՝ «Լյուքսռեալ»-ի բաժնեմասերն ավելի ուշ անցել են Գասպարյանին, վերջինս դարձել է ընկերության միանձնյա բաժնետեր։ Գասպարյանը նաև ընկերության տնօրենն է։ 

Ռուբիկ Գասպարյանի անվանը հանդիպում ենք նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված ընկերության՝ «Մեգասպորտ»-ի բաժնետերերի ցանկում։ Ըստ ռեգիստրի տվյալների՝ Գասպարյանը 2012-ին մի քանի ամսով եղել է «Մեգասպորտ»-ի բաժնետեր, նույն ժամանակահտվածում եղել է նաև տնօրեն («Մեգասպորտ»-ի ներկա բաժնետերը Արմեն Նազարյանն է՝ Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին): 

2014-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշմամբ սահմանվել է, որ «Հիդրոապարատ» ԲԲԸ-ն և «Մոնդո դի մոբիլի» ՍՊԸ-ն անձանց խումբ է, «Հիդրոապարատ»-ի բաժնետոմսերի 89 տոկոսը պատկանում է «Մոնդո դի մոբիլի»-ին։ 

«Հիդրոապարատ» ԲԲԸ-ի կոլեկտիվը նախկինում բազմիցս բարձրաձայնել է ընկերության գույքի փոշիացման, գործարքների մասին։ Մասնավորապես, ընկերության աշխատակիցները, որ նաև փոքր բաժնեմաս ունեին «Հիդրոապարատ»-ում, բաց նամակներ էին հղում  իշխանություններին՝ տեղեկացնելով, որ «Մոնդո դի մոբիլի»-ն ներդրումներ կատարելու փոխարեն «Հիդրոապարատ»-ի անունից 58 միլիոն դրամի վարկ է վերցրել, կեղծ զեկույցներ կազմել իբր կատարված ներդրումների մասին։ 

«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ «Հիդրոապարատ»-ի մի քանի աշխատակիցներ անցյալ տարի հայց են ներկայացրել ընդդեմ «Մոնդո դի մոբիլի»-ի՝ պահանջելով տրամադրել վերջինի կողմից «Հիդրոապարատ»-ի անվանական սովորական բաժնետոմսերը գնելու պայմանագիրը։ Այս գործով որպես վկաներ բերման են ենթարկվել Ռուբիկ Գասպարյանը և Արամ Կայֆաջյանը։ Կայֆաջյանը «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենն է։ Ավելի ուշ պատասխանողը պայմանագիրը տրամադրել է հայցվորներին, և վերջիններս հայցից հրաժարվել են։ 

Մկրտիչ Կարապետյան