Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիայի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիա աշխարհում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուսը։

Այսօրվա դրությամբ հիվանդության դեպքեր են գրանցվել 114 երկրներում։ Ընդ որում, 81 երկիր չի հայտնել կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերի մասին (COVID-2019), 57 երկրներ հայտնել են 10 և ավելի քիչ դեպքերի մասին, ինչը վկայում է այն մասին, որ երկրները կարող են փոխել պանդեմիայի ընթացքը:

ԱՀԿ տերմինաբանության համաձայն՝ էպիդեմիա (համաճարակ) է համարվում հիվանդության անսպասելի տարածումը մեկ տարածաշրջանում։ 2010-ին ԱՀԿ-ն որոշել է, որ պանդեմիա է համարվում ամբողջ աշխարհում նոր հիվանդության տարածումը

Գեբրեիսուսը կոչ է արել երկրներին գտնել հավասարակշռություն առողջության պահպանման, տնտեսական եւ սոցիալական ցնցումները նվազագույնի հասցնելու և մարդու իրավունքների պաշտպանության միջև: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կատարելագործել արտակարգ իրավիճակներին արձագանքելու մեխանիզմները, քաղաքացիներին պարզաբանել վարակի ռիսկերը, պատմել պաշտպանության միջոցների մասին, հետևել հիվանդացածների յուրաքանչյուր շփմանը, ինչպես նաև պատրաստել բժշկական անձնակազմին:

ԱՀԿ գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել Իրանի, Իտալիայի և Հարավային Կորեայի իշխանություններին վիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառումների համար։

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ պանդեմիան այն բառը չէ, որը կարելի է օգտագործել թեթևամտորեն կամ անփույթ․ «Սա այն բառն է, որը սխալ օգտագործման դեպքում կարող է առաջացնել անհիմն վախ կամ չարդարացված խոստովանություն այն բանի, որ պայքարն ավարտված է»։

Ըստ ԱՀԿ-ի՝ մարտի 11-ի դրությամբ աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 118 000 դեպք, որոնցից 4 291-ը մահացու ելքով է ավարտվել: Ամենից շատ հիվանդներ գրանցվել են Չինաստանում (գրեթե 81 000), Իտալիայում (ավելի քան 8 500), Իրանում (ավելի քան 9000) և Հարավային Կորեայում (ավելի քան 7 500): Գերմանիայում մարտի 10-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդանալու ավելի քան 1 500 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքերը գրանցվել են անցյալ տարվա դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգում ։

Վերջին անգամ ԱՀԿ-ն պանդեմիայի մասին հայտարարել էր 2009-ին ՝ խոզի գրիպի՝ հայտնի H1N1 վիրուսի տարածման կապակցությամբ։

#CivilNet #News

Մեկնաբանել