ԵՄ-ն «այսպես կոչված» է որակում Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունները

ԵՄ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում այսօր անցկացվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին։ Հաղորդագրությունը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղ․ ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ»։

«Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են։ Այս իրադարձությունը չի կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը։ ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝ ուղղված ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի և դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։ ԵՄ-ն պարտաստ է է՛լ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,- նշված է հաղորդագրությունում։