Մայր Աթոռը նկատում է՝ Կճոյանի դեմ մեղադրանքը հաջորդեց Վեհափառի՝ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու կոչին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով հարգել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անմեղության կանխավարկածը։

«Կոչ ենք ուղղում հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատավամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից:

Հարկ է արձանագրել, որ քրեական գործով արծարծվող թեման զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվել է տակավին 2013 թվականից, իսկ հիշյալ քրեական գործը հարուցվել է տարիներ առաջ: Այս համատեքստում տարակուսելի է, որ հիշյալ քրեական գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը:

Թեև սույն պարագան առաջացնում է որոշակի մտահոգություններ, այսուհանդերձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է հուսալ և հետամուտ է լինելու, որ քրեական գործով իրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն:

Հիշյալ գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանի իրավական պաշտպանությունն իրականացվում է փաստաբանների կողմից, որոնք գործի առնչությամբ, ըստ անհրաժեշտության, կներկայացնեն համապատասխան լուսաբանություններ ու պարզաբանումներ»,- ասված է Մայր Աթոռի հայտարարությունում:

Ապրիլի 15-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին։ ԱԱԾ ներկայացրած փաստերից հայտնի էր, որ խոսքը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է, որի անունը 2013-ին հայտնվել էր Հետք պարբերականի հետաքննական հոդվածում՝ կապված կիպրոսյան օֆշորում գործարքների հետ։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել