Կինն ու օրենքը

Հայաստանի անկախությունից ի վեր կանայք բավական թույլ ներգրավվածություն են ունեցել խորհրդարանում: Տոկոսային հարաբերակցությամբ կանայք ամենից լայն ներկայացվածություն են ունեցել 2007-2012 թթ. խորհրդարանում:

Կանայք Հայաստանի օրենսդիր մարմնում ներկայություն են ունեցել Հայաստանի Առաջին հանրապետության շրջանից: 1919թ. կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է երեք կին: Կանայք ներկայություն են ունեցել նաև Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի բոլոր գումարումներում:

Անկախությունից ի վեր Հայաստանի խորհրդարանում և նախընտրական գործընթացներում կանայք ներգրավված են եղել: Երկու ընտրություններում՝ 1995 և 1999 թթ., համամասնական ընտրություններին, որպես կանանց միավորում, մասնակցում էր «Շամիրամ» միավորումը: Եթե 1995թ. ընտրություններում «Շամիրամ»-ը համամասնական ընտրակարգով երկրորդն էր և ստացավ 8 պատգամավորական մանդատ, ապա 1999թ. կանանց այս միավորումը զբաղեցրեց վերջին տեղը՝ ստանալով ընդամենը երկու հազար քվե ողջ հանրապետության տարածքում:

1990-1995 թթ. Գերագույն խորհրդի 260 պատգամավորներից միայն 8-ն էին կանայք՝ Թամարա Ալոյան, Ջեմմա Անանյան, Նարինե Բալայան, Անահիտ Բայանդուր, Անահիտ Գևորգյան, Հրանուշ Հակոբյան, Ալինա Հովհաննիսյան, Կարինե Ստեփանյան:

1995-1999 թթ. Ազգային ժողովի առաջին գումարման 190 պատգամավորներից կանայք էին 11-ը՝ Ջեմմա Անանյան, Զարուհի Արևշատյան, Անժելա Բակունց, Նանա Թոգոշվիլի, Ջուլիետ Կաժոյան, Հրանուշ Հակոբյան, Շողեր Մաթևոսյան, Ամալյա Պետրոսյան, Նադեժդա Սարգսյան, Գայանե Սարուխանյան, Մարգուշ Վարդանյան։

1999-2003 թթ.՝ երկրորդ գումարման Ազգային ժողովի 131 պատգամավորներից կանայք էին ընդամենը 4-ը՝ Էմմա Խուդաբաշյան, Հրանուշ Հակոբյան, Հերմինե Նաղդալյան, Ալվարդ Պետրոսյան:

Հետագա երկու գումարման խորհրդարաններում կանանց թիվը սկսեց աճել, որը հավանաբար պայմանավորված էր նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություններով: 2003թ. խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակներում առնվազն կանանց հինգ տոկոսի ներգրավումը պարտադիր էր: 2003-2007 թթ. Հայաստանի երրորդ գումարման Ազգային ժողովում կար 7 կին պատգամավոր՝ Հռիփսիմե Ավետիսյան, Հեղինե Բիշարյան, Էմմա Խուդաբաշյան, Հրանուշ Հակոբյան, Արմենուհի Հովհաննիսյան, Հերմինե Նաղդալյան և Ալվարդ Պետրոսյան:

Նորացված Ընտրական օրենսգրքով համամասնական ընտրացուցակներում կանանց ներգրավվածությունը պիտի լինի ոչ պակաս, քան 15 տոկոս, ընդ որում՝ առնվազն յուրաքանչյուր տասներորդը լինի կին: Տոկոսային հարաբերակցությամբ կանայք ամենից լայն ներկայացվածություն են ունեցել 2007-2012 թթ. խորհրդարանում՝ 12 կին ընդհանուր 131-ից՝ Լարիսա Ալավերդյան, Կարինե Աճեմյան, Ռուզաննա Առաքելյան, Անահիտ Բախշյան, Հեղինե Բիշարյան, Լիլիթ Գալստյան, Գոհար Ենոքյան, Նաիրա Զոհրաբյան, Ալվարդ Պետրոսյան, Արևիկ Պետրոսյան (լիազորությունները դադարեցվել են այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ), Հերմինե Նաղդալյան, Զարուհի Փոստանջյան:

Բոլոր 12 կին պատգամավորները ընտրվել են համամասնական ընտրակարգով: 2003թ. խորհրդարանական ընտրություններում 7 կին պատգամավորներից մեծամասնականով ընտրվել էր միայն մեկը՝ Հրանուշ Հակոբյանը:

Չնայած այն իրողությանը, որ կանանց ներգրավվածությունը Հայաստանի ազգային ժողովում կանոնակարգվում է Ընտրական օրենսգրքով, նրանց ներկայացվածությունն օրենսդիր մարմնում շարունակում է մնալ խիստ սահմանափակ: Ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ մեծամասնական ընտրակարգը հատկապես անհավասար պայմաններ է ստեղծում կանանց համար:

Մեկնաբանել