Ամենամյա աճուրդում Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքն է

ԱՄՆ-ում մեկնարկում է 13-րդ ամենամյա աճուրդը, որի գլխավոր և միակ լոտը Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի հիմնադիր միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքն է:

Հաղթողի կողմից վճարվելիք ողջ գումարը կուղղվի Glide Foundation, որը զբաղվում է Սան Ֆրանցիսկոյի կարիքավորներին սոցիալական օգնության տրամադրմամբ:

Ինչպես միշտ՝ երկխոսության թեման կարող է լինել ցանկացած բան բացի ֆինանսական ներդրումներից: Ուորեն Բաֆեթի խոսքով՝ ավելի հաճախ զրույցն ընթանում է ընտանիքի և բարեգործության մասին:

Նշենք, որ Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի ստորաբաժանումներից մեկի տնօրեն Թեդ Ուիսչլերն իր աշխատանքը ստացել էր այն բանից հետո, երբ երկու անգամ ճաշել էր միլիարդատիրոջ հետ: Սակայն, ինչպես խոստովանում է գործարարը, ինքը երբեք չի մտածել նմանատիպ հանդիպումները հարցազրույցների վերածելու մասին: Երկու հանդիպումների համար Թեդ Ուիսչլերը վճարել էր շուրջ 5,3 մլն դոլար:

Ուորեն Բաֆեթի «կայսրությունը» ներառում է ֆինանսներով, ապահովագրությամբ և տրանսպորտային ծառայություններով զբաղվող 80 ձեռնարկություն: Հիմնականում ներդրումներն արվել են Coca-Cola և Wells Fargo & Co ընկերություններում:

Մեկնաբանել