Անհասկանալի Րաֆֆին

«Ժառանգության» համագումարը բացահայտեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո այդ կուսակցությունը կանգնել է լուրջ խնդիրների առաջ: Այդ մասին համագումարում բարձրաձայնեցին նաև կուսակցության անդամները: Խնդիրների պատճառները, կարելի է ասել, սուբյեկտիվ են և պայմանավորված են կուսակցության ղեկավարության վարքագծով: Բնականաբար, դժգոհությունների սլաքը հիմնականում ուղղված էր կուսակցության համամասնական ցուցակին:

Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ այն ցուցակը, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացվել է հանրությանը, հիմնականում չի արտահայտել «Ժառանգություն» կուսակցության անդամների դիրքորոշումը, և սուբյեկտիվ որոշումների արդյունք է եղել: Այլապես այսօր չէին լսվի հրապարակային դժգոհություններ, և մանդատների բաշխումն այդքան խնդրահարույց չէր լինի: Նույնիսկ համագումարից հետո պարզ չդարձավ, թե կուսակցության ցուցակի առաջին համարն ի վերջո գնալո՞ւ է խորհրդարան, թե՞ ոչ:

Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը գնալով ավելի ու ավելի անհասկանալի են դառնում: Սեփական գործողութունները անհասկանալիության շղարշով պատելով՝ թերևս փորձ է արվում ստեղծել խորհրդավորության պատկեր: Սակայն այս պարագայում խոսքը ոչ այնքան խորհրդավորության, որքան քաղաքական իրավիճակին ոչ ադեկվատության մասին է: Եթե «Ժառանգության» առաջնորդը ցանկություն ունի հրաժարվելու պատգամավորության մանդատից, ապա դա կարելի է անել առանց սեթևեթանքների և չսպասել կուսակցության նոր վարչության որոշմանը: Նախագահի հավակնություններ ունեցող անձին հազիվ թե հարիր լինի վճռականության պակասը և հասարակության ու գործընկերների համար անհասկանալի պահվածքը:

«Ժառանգության» համագումարին «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարության բացակայությունը առնվազն տարօրինակ է: Միասնական թիմով խորհրդարանում ներկայացված լինելու պարագայում «Ազատ դեմոկրատներ»-ի բոյկոտը կարելի է դիտարկել որպես հստակ մեսիջ առ այն, որ Ազգային ժողովում այս երկու կուսակցությունները հազիվ թե կարողանան կոորդինացված աշխատել: Այս պարագայում թերևս կարելի է հասկանալ «ազատ դեմոկրատներին», քանի որ այդքան էլ հարմար չէ ոչ կանխատեսելի և արագ փոփոխվող գործընկեր ունենալը:

Մեկնաբանել