Երևանի քաղաքապետն ընդունել է Իրանի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

Ողջունելով դեսպանին՝ քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և իրանական քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն այսուհետ ևս կզարգանան ու կկրեն գործնական բնույթ։ «Համոզված եմ, որ Երևանի և Իրանի քաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը կշարունակվի և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դրանք էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ»,- նշել է քաղաքապետը:

Դեսպանին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը՝ Տարոն Մարգարյանը կարևորել է հատկապես իրանական քաղաքների հետ հաստատված համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ ներդրումային դաշտի ակտիվացման, զբոսաշրջության զարգացման ու քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և իրանական քաղաքների միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում. «Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու երկրների քաղաքների միջև հաստատված հարաբերությունները առավել գործնական փուլ տեղափոխելու հարցում: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա Երևանում, արդեն իսկ բավական են հասկանալու, որ ձեր մայրաքաղաքն ապրում է զարգացման ու գեղեցկացման նոր, մեծ շրջափուլ»,- նշել է Մոհամմադ Ռեիսին:

Մեկնաբանել