Twitter-ը բջջային ծրագրերում թույլատրել է ֆոտոզտիչների օգտագործումը

Android և iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթոններում Twitter-ի բջջային ծրագրերի օգտագործողներն այժմ կարող են խմբագրել իրենց նկարները ֆոտոզտիչների օգնությամբ: Փորձագետների կարծիքով` սա հերթական տրամաբանական քայլն է Instagram ֆոտոծառայության հետ ծավալված մրցակցությունում:

Նախքան նկարների ուղարկումը դրանք կարելի է խմբագրել վինտաժային ինը տարբեր ֆոտոզտիչների օգնությամբ: Բացի այդ` հասանելի են նաև նկարների շրջանակավորման և որակի բարելավման գործառույթները:

Լուսանկարի որակի բարելավումը կարող է կատարվել ինչպես ավտոմատ կերպով, այնպես էլ ձեռքի օգնությամբ: Ֆոտոզտիչները կխնայեն բջջային այլ ծրագրերում լուսանկարների խմբագրման ժամանակը:

Ֆոտոզտիչների մասին լուրերն առաջին անգամ լրատվամիջոցներում հայտնվեցին դեռ նոյեմբերին, իսկ դեկտեմբերի սկզբին շրջանառվեց լուսանկարների խմբագրման գործառույթներով բջջային ծրագրերի նոր տարբերակի թողարկման մասին լուրը:

Նախկինում Twitter-ում լուսանկարների 35%-ը հրապարակվում էր Instagram ֆոտոծառայության միջոցով, սակայն դեկտեմբերի 9-ից վերջինս սահմանափակել է միկրոբլոգներում լուսանկարների դիտման հնարավորությունը: Փորձագետների գնահատմամբ` այս ֆոնին Twitter-ի վերոնշյալ քայլը սպասելի էր:

Մեկնաբանել