ԱՄՀ-ն մատնանշում է Հայաստանում բիզնեսին խոչընդոտող գործոնները

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան Հայաստանում բիզնեսով զբաղվելու երկու հիմնական խոչընդոտ է տեսնում՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը և կոռուպցիան: Այսօր հրավիրված ասուլիսին նա հայտարարեց, որ չնայած այս տարի կառավարությունը ծրագրում է 0.6%-ով բարձրացնել հարկահավաքման ցուցանիշը, բայց այդ պոտենցիալը առնվազն 4-5% է: Տոլոսան օրինակ բերեց Վրաստանին, որտեղ այդ ցուցանիշը մոտ 8%-ով բարձր է Հայաստանի ցուցանիշից:

ԱՄՀ-ն 2013թ. Հայաստանում 4-4,5% տնտեսական աճ է ակնկալում: Գիերմո Տոլոսայի խոսքով՝ չնայած տնտեսական աճին՝ Հայաստանում հարկահավաքման ցուցանիշը շարունակում է ցածր մնալ: «Մենք գիտակցում ենք, որ դա նաև մեր սխալն է: Մենք չենք կարողացել Հայաստանին օգնել հարկային եկամուտների ավելացման հարցում, ինչը էական կլիներ երկրի համար: Սակայն ընթացիկ ծրագրի շրջանակում արձանագրվել է որոշակի առաջընթաց: Ակնկալում ենք, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը [ներկայիս մոտ 17%-ից] այս տարի կաճի 0,6-տոկոսային կետով»,– ասաց Տոլոսան՝ ընդգծելով, որ իրականում հարկերի հավաքագրման աճի պոտենցիալն ավելի մեծ է՝ առնվազն ՀՆԱ-ի 4-5%-ի չափ: Նա օրինակ բերեց հարևան Վրաստանին, որտեղ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը մոտ 25% է:

ԱՄՀ մշտական ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի բյուջեի պակասուրդը 2012թ. կլինի ՀՆԱ-ի 2,6%-ի սահմաններում, իսկ գնաճը այս և հաջորդ տարի կմնա նույնը՝ 4%: Տոլոսայի խոսքով՝ քանի որ այս տարի տնտեսական աճը զգալիորեն բարձր է, աղքատության ցուցանիշը կնվազի:

ԱՄՀ ներկայացուցիչը Հայաստանում օտարերկրյա ներդրումների կրճատումը պայմանավորում է տարածաշրջանային և համաշխարհային ներդրումների կրճատման միտումներով: Ըստ նրա՝ Հայաստանում այդ անկումն ավելի է զգացվում, քանի որ այստեղ գործարարությամբ զբաղվելն ավելի դժվար է:

«Հայաստանում դեռ ավելի դժվար է գործարարությամբ զբաղվել, քան տարածաշրջանի այլ Հայաստանի հետ համեմատելի երկրներում: Չնայած իրավիճակը բարելավվում է, և, իհարկե, Հայաստանը սկսել է աճ արձանագրել Doing Business-ի զեկույցներում, որն արտացոլում է այն զգալի ջանքերը, որոնք այս ուղղությամբ իրականացվել են, սակայն դեռ դժվար է գործարարությամբ զբաղվելը, ներդրումներ ապահովելը, հատկապես երբ դժվար ժամանակներ են գալիս»,– ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու դժվարություններից մեկը երկրի աշխարհաքաղաքական իրավիճակն է: Երկրորդ խնդիրը, ըստ նրա, կոռուպցիոն ռիսկերն են, երբ տնտեսավարողներն իրենց գործունեությունն իրականացնելիս ստիպված են կաշառք տալ կառավարական չինովնիկներին:

Տոլոսան հույս հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը կկարողանա լիովին կատարել ԱՄՀ պարտքի սպասարկումը: «Մենք սկսելու ենք ԱՄՀ նոր ծրագրի քննարկումները, և եթե առաջիկա ամիսներին համաձայնություն ձեռք բերվի, ապա ավելի կհեշտացնենք Հայաստանի համար մարումների կատարումները»,– ասաց նա:

ԱՄՀ-ն Հայաստանին ևս $51,4 մլն է հատկացնում
Գիերմո Տոլոսան տեղեկացրեց, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին $51,4 մլն վարկ հատկացնելու որոշումը:

ԱՄՀ երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՀ գործադիր խորհուրդն ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի հինգերորդ ամփոփիչ ստուգումը, որի եզրափակումը իշխանություններին տալիս է լրացուցիչ 33,5 մլն SDR (մոտավորապես $51,43 մլն) փոխառելու հնարավորություն՝ ծրագրերի շրջանակում տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով 211,8 մլն SDR-ի (մոտավորապես $324,4 մլն): Հայաստանի հետ 266,8 մլն SDR ($408,7 մլն) գումարով EFF և ECF եռամյա ծրագրերը ԱՄՀ Գործադիր խորհուրդը հաստատել է 2010թ. հունիսի 28-ին:

ԱՄՀ գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև Հայաստանի իշխանությունների դիմումին՝ շուկայում անսպասելի ճնշումների հետևանքով զուտ պաշտոնական միջազգային պահուստների նվազագույն սահմանաչափի 2012թ. հունիսի վերջի համար սահմանված կատարողական չափորոշչի չպահպանման համար բացառություն անելու և 2012թ. դեկտեմբերի վերջի համար կատարողականի նույն չափորոշիչը փոփոխելու մասին:

«Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է նաև Հայաստանի հետ 4-րդ հոդվածի շրջանակում իրականացվող խորհրդակցությունները, որոնց ժամանակ քննարկվում են միջնաժամկետ տեսանկյունից տնտեսական քաղաքականությունը և քննության է առել Հայաստանի հետ հիմնադրամի փոխհարաբերությունների վերաբերյալ փաստացի գնահատման վերանայված զեկույցը (Ex Post Assessment Update Report on Fund Relations with Armenia): Գործադիր խորհրդի քննարկումից հետո կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկը նշել է. «Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համատեքստում 2008-2009 թթ. արձանագրված խոր անկումից: 2012թ. տնտեսության աճը արագացել է, և սպասվում է, որ 2013թ. այն կգտնվի պոտենցիալ մակարդակի շուրջը: Այնուամենայնիվ, դեռևս պահպանվում են խոցելիություններ, որոնք պայմանավորված են ընթացիկ հաշվի մեծ պակասուրդով և բանկային հատվածի դոլարայնացման բարձր աստիճանով:

Ծրագրի շրջանակում իրականացվող քաղաքականությունը հիմնականում ընթանում է հունով, սակայն զուտ միջազգային պահուստները մայիս-հունիս ամիսներին հայտնվեցին անսպասելի ճնշումների ներքո, երբ Կենտրոնական բանկը քայլեր ձեռնարկեց շուկայի ապակայունացումից խուսափելու համար: Այնուհետև Կենտրոնական բանկը կարողացել է հետ գնել կորցրած պահուստների մի մասը: Այնուամենայնիվ, պահուստների ամբողջական վերականգնումը կենթադրեր շուկայի վրա անհարկի ճնշումներ:

Հարկաբյուջետային կոնսոլիդացումը շարունակել է առանցքային դեր կատարել տնտեսության վերականգնման գործում, և ողջունելի է հարկաբյուջետային այդ ռազմավարության իրականացումը շարունակելու իշխանությունների հանձնառությունը: Առաջիկայում հարկաբյուջետային կոնսոլիդացումն ավելի շատ պետք է ապավինի եկամուտների ավելացմանը, որը հնարավորություն կտա իրականացնելու սոցիալական և ներդրումային ավելի մեծ ծախսեր՝ միաժամանակ կրճատելով պակասուրդը և պարտքը:

Ֆինանսական հատվածը շարունակում է կայուն մնալ. վերջերս քայլեր են ձեռնարկվել համակարգում վերահսկողությունը կատարելագործելու և իրացվելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ գործարար միջավայրի համար շարունակվել են կառուցվածքային բարեփոխումները, սակայն լրացուցիչ միջոցառումներ են անհրաժեշտ իրավական դաշտի ամրապնդման, կառավարման բարելավման և մրցունակության բարձրացման համար»,– նշված է ԱՄՀ հաղորդագրությունում:

2010թ. հունիսի վերջին ԱՄՀ տնօրենների խորհրդի կողմից հաստատված EFF և ECF ծրագրերի շրջանակում Հայաստանը մինչև 2013թ. ԱՄՀ-ից պետք է ստանա ընդհանուր առմամբ 266,8  մլն SDR-ի ($403,8  մլն) վարկային միջոցներ։ Հունիսի 15-ի տրանշի հետ միասին Հայաստանն արդեն ստացել է $178,3  մլն SDR ($269,8  մլն):

Ծրագրերի շրջանակում Հայաստանի իշխանությունները պարտավորվել են իրականացնել վարչարարության բարեփոխումների ընդգրկուն ծրագիր՝ ուղղված հարկաբյուջետային ճշգրտմանն օժանդակելուն և միջնաժամկետ կտրվածքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի բարելավմանը:

Նվարդ Հովհաննիսյան

Մեկնաբանել