Խաղալիքը կարող է վտանգավոր լինել. պահանջեք սերտիֆիկատը. Լ.Խալիկյան

Հայաստանյան շուկան մատչելի ապրանք է առաջարկում դրա պահանջարկ ունեցողներին. վստահ է ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը. այս մասին նա նշեց «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում: «Ամանորի շեմին նաև թանկացումներ են լինում, սակայն կան մեծ խանութներ, ուր գործում է մեծ զեղչերի համակարգ, ու բոլորը կարող են օգտվել դրանցից: Մեր շուկայում կա և շատ թանկ ապրանքների պահանջարկ, և՝ մատչելի: Երկուսն էլ շատ լավ սպառվում են»,- նշեց պաշտոնյան:

Խալիկյանն անդրադարձավ իր ղեկավարած տեսչության այս տարվա գործունեությանը. շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, հիշեցրեց նա, անցկացրել է ստուգումներ մանկական խաղալիքների, սննդի, շինանյութի ոլորտում, բացահայտել լուրջ խախտումներ խաղալիքների և սննդի շուկաներում: Նա չբացառեց, որ այսօր էլ շուկայում կարող է վտանգավոր խաղալիք լինել: «Եթե դուք մտնում եք շուկա ու տեսնում եք, որ բացակայում է խաղալիքի վրա մակնշումը, թե ինչից է պատրաստված այդ խաղալիքը, և այն չունի սերտիֆիկատ, ուրեմն գնելով դա՝ դուք վտանգում եք երեխայի առողջությունը: Մենք հորդորում ենք չամաչել և պահանջել խաղալիքի սերտիֆիկատը»,- նշեց նա: Տեսչության հայտնաբերած վտանգավոր խաղալիքների ողջ խմբաքանակը հետ է կանչվել շուկայից և ոչնչացվել, ընկերությունները տուգանվել են, տուգանքը նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով է, որը, ըստ պաշտոնյայի, «խաղալիքներով զբաղվող տնտեսվարողների համար կարող է զգալի լինել», բայցև «այդ տուգանքների արդյունքում որևէ ընկերություն չի դադարեցրել իր գործունեությունը»: Ամանորի շեմին նա հիշեցրեց, որ վտանգավոր են հատկապես ոչ որակյալ պայթուցիկները:

Բենզինի շուկայի խախտումներին անդրադառնալով՝ Խալիկյանն ասաց. «Այս տարի ստուգվել է յոթ կազմակերպություն, որոնցից հինգը՝ խոշոր, մենք այցելել ենք շուրջ 1500 բենզալցակայան: Մենք չէինք էլ սպասում, որ նման մասշտաբի թերություններ կհայտնաբերենք: Հիմնականում խնդիրն այն էր, որ «պրեմիում» մակնշված բենզինը իրականում «ռեգուլյար» էր»:

Գործող հարյուրավոր տաքսի ծառայություններից, ըստ տեսչության, բարեխիղճ ծառայություններ են մատուցում միայն 3-ը: «Միայն այդ 3-ը ինքնակամ գնացին իրենց հաշվիչները չափագրելու չափագիտական ազգային ինստիտուտում: Մյուսների հաշվիչները, ասենք, 1կմ-ը 1000մ-ի փոխարեն հաշվում են 700մ-ով. բողոքները շատ են, որ հաշվիչներն ավելին են հաշվում»,- ասաց նա՝ նշելով, որ իրավիճակն այդպես անվերահսկելի կմնա, քանի դեռ ազգային ինստիտուտում հաշվիչների չափագրումը պարտադիր չէ:

Մեկնաբանել