ՊՆ «Ուրալ»-ի վթարի գործով կալանավորվել է զորամասի երկու պաշտոնատար անձ

Քննչական կոմիտեն պարզել է ՊՆ «Ուրալ»-ի վթարման պատճառները, որի հետևանքով զոհվել էր 4, վնասվածքներ ստացել 20 զինծառայող։ Տրանսպորտային միջոցը վարող, ժամկետային ծառայողին ու զորամասի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել: Վերջին երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված «Ուրալ» ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում․ «Այդ կերպ խախտվել է ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որի՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում։ Դրանից հետո վերոհիշյալ ավտոմեքենայում գտնվող անձնակազմի մի մասը փոխարինել է մարտական դիրքում գտնվող անձնակազմին և փոխարինված անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում»,- ասված է հաղորդագրությունում։

«Նույն կանոնակարգի պահանջների համաձայն, մեքենան տեղից շարժելը թույլատրվում է միայն շարժիչը տաքացնելուց հետո։ Այս պահանջի խախտմամբ ավտոմեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել և չի տաքացվել, այլ ավտոմեքենան փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում՝ հանգեցնելով դրանում գտնվող զինծառայողների մահվան և վնասվածքներ ստանալուն։ Շարժիչը գործարկվել է նման եղանակով, քանի որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի»,- հայտնում է ՔԿ-ն։

Պարզվել է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ»-ը տեխնիկական ստուգում է անցել 2023-ի հոկտեմբերին և ճանաչվել է սարքին։ Սակայն ավտոմեքենայի մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018-ին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022-ը։

«Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները։ Մասնավորապես՝ տեղյակ լինելով զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ»-ի ունեցած նշված տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաև՝ այն մասին, որ սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունը, արտահոսքի հետևանքով, չի պահպանվում, 2024-ի ապրիլի 12-ին թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը»,- նշված է հաղորդագրության մեջ։

***

Ապրիլի 12-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել հարակից ձորակում։ Վթարի հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել` 20 զինծառայող։ Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։

Մայիսի 2-ի դրությամբ վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ 12 զինծառայողները շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկնաբանել