Ստվերային կաբինետ Հայաստանում

Ծաղրանկարը՝ Վլադիմիր Աբրոյանի

Վեստմինստերյան կառավարման համակարգ ունեցող երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, գոյություն ունի ստվերային կաբինետի ինստիտուտը: Այն ընդդիմության առաջնորդի գլխավորությամբ կառավարության կազմ է, որում ընդգրկված են այլընտրանքային կառավարության անդամները՝ ընդդիմադիր գործիչներ: Հաճախ հենց այս ստվերային կառավարության կոնկրետ անդամներն էլ զբաղեցնում են համապատասխան պաշտոնները, երբ նրանց կուսակցությունը իշխանության է անցնում: Ստվերային կառավարության նպատակներից է կառավարության քաղաքականության քննադատությունը և այլընտրանքային ծրագրի առաջարկումը: Ի դեպ, ստվերային կառավարության անդամ-պատգամավորները հաճախ իրենց հիմնական աշխատավարձից բացի հավելավճար են ստանում պետությունից: Այսինքն՝ անգլախոս այս երկրները շատ լավ հասկացել են, որ ընդդիմությունը պետք է ոչ միայն քննադատի և այլընտրանքային ծրագիր ներկայացնի, այլև հնարավորինս կանխատեսելի լինի իշխանության գալու պարագայում…

Երեկ լրատվամիջոցներում տեղ էր գտել ինչ-որ մեկի կազմած՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը: Այդ ցանկը, իհարկե, իրականության հետ կապ չուներ, բայց լուրջ հարցադրումներ է առաջ բերում:

Նախ, ինչո՞ւ մինչ այժմ Հայաստանի ոչ մի քաղաքական ուժ չի հրապարակում իր ապագա կաբինետի կազմը: Սա լուրջ խնդիր է, որովհետև արդյունքում հանգեցնում է անդրկուլիսային առևտրի ու սակարկությունների, որտեղ գերակայում են ոչ թե պետական շահերը, այլ կուսակցական-անձնական մոտիվները:

Երկրորդ, ընտրողի իրավունքն է իմանալ ոչ միայն իր ապագա պատգամավորներին, այլև նախարարներին: Օրինակ, հնարավոր է՝ ընտրողին ավելի շատ հետաքրքրի, թե ով է լինելու հարկայինի պետը կամ ոստիկանապետը, քան վարչապետը:

Երրորդ, պետության շահից է բխում կանխատեսելիությունը, երբ իշխանափոխության արդյունքում պետական ինստիտուտների հետագա արդյունավետ գործունեությունը որևէ կերպ չի տուժում. կոնկրետ ոլորտներ ղեկավարելու կոչված մարդիկ ավելի պատրաստ են լինում նոր պաշտոն ստանձնելուն, քան այն դեպքում, երբ նրանց համար այդ պաշտոնը հանկարծ է իջեցվում:

Չորրորդ, ստվերային կառավարության ինստիտուտը կուսակցություններին կստիպի ավելի ազնիվ լինել և՛ կուսակցության ներսում, և՛ ընտրողների հետ:

Ստվերային կաբինետի օգտին փաստարկները կարելի է շարունակել: Գլխավորն այն է, որ Հայաստանի բարդ աշխարհագրությունը ներքին հրամայական է դարձնում քաղաքական ուժերի և պետական համակարգի արդյունավետության ու կանխատեսելիության հարցը:

Մեկնաբանել