Երևանում մեկնարկել է «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» համաժողովը

Երևանում հունիսի 19-ին մեկնարկել է «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում, հաղորդում են տարածքային կառավարման նախարարությունից:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես նշվում է. «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները սահմանելիս մենք հատուկ կարևորել ենք տեղական ժողովրդավարությունը, քանի որ այն հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է: Այս ուղղությամբ ուշադրություն ենք դարձնելու տեղական և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացմանը: Եվրոպական փորձագետների մասնակցությամբ միջազգային նման ներկայացուցչական համաժողովը կարող է էական առաջընթացի համար նախադրյալներ ստեղծելու և աշխատանքների հետագա ուղղություններ նախանշելու լավ հարթակ հանդիսանալ։

… Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում կհաջողվի նոր մոտեցումներ մշակել համայնքային գործերին բնակչության մասնակցության համար մատչելի, գործնական ու արդյունավետ մեխանիզմներ ներդնելու հարցում։ Դրանք կարող են ներդրվել Եվրոպայի խորհրդի երկրների ազգային օրենսդրություններում` ապահովելով տեղական ժողովրդավարությանը բնակչության ավելի լայնաշերտ ու անընդհատ մասնակցության մակարդակ»։

Իր ելույթում փոխվարչապետը Հայաստանում համաժողովի անցկացումը բացառիկ հնարավորություն է համարել` տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության վերջին զարգացումները քննարկելու համար: Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է տեղական ժողովրդավարության ամրապնդումը և հանդես է գալիս որպես այդ սկզբունքը կարևորող երկիր:

«Տեղական ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ քաղաքացիները պետք է իրավունք ունենան ազդելու իրենց համայնքի ներկայացուցչական մարմինների որոշումների վրա, որոնք վերաբերում են նրանց կյանքին, կենցաղին և համայնքին` ամբողջությամբ: Մասնակցային կառավարման մեջ, որպես առանձնահատուկ դեր ունեցող կողմ, հանդես է գալիս պետությունը` ի դեմս կենտրոնական իշխանության: Վերջինիս վարվող քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի օրենսդրության կատարելագործմանը, ինչի արդյունքում ՏԻՄ-երը իրավական հնարավորություն կստանան որոշումներ ընդունելիս մասնակից դարձնել տարբեր սուբյեկտների ու նրանց հետ քննարկել խնդիրների իրականացման, ինչպես նաև հիմնախնդիրների լուծման այլընտրանքային տարբերակներ»,- նշել է Արմեն Գևորգյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս բարձր է գնահատել համաժողովի նշանակությունը և քննարկվող թեման համարել արդիական: «Չնայած Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նստաշրջանների, հանձնաժողովների նիստերի շրջանակներում այս հարցերի շուրջ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ, միևնույն է, մասնակցային ժողովրդավարության թեման ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլև ավելի ու ավելի առանցքային է դարձել: Ընդ որում՝ կառավարման բոլոր մակարդակներում։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց կարծիքը հաշվի է առնվում։ Եվ իմ խորին համոզմամբ, որոշումների կայացման հարցում քաղաքացիների մասնակցությունը պետք է դառնա ժամանակակից ժողովրդավարության ու կառավարման անբաժանելի բաղադրիչը»,- նշել է նա։

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան իր ելույթում նկատել է, որ համաժողովը Հայաստանում և ԵԽ-ում Հայաստանի նախագահության ընթացքում կազմակերպելը պատահական չէ, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որ արդեն վավերացրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության իրավունք սահմանող Ուտրեխտի արձանագրությունը:

«Մասնակցության խնդիրը որպես գերակայություն ներառված է Կոնգրեսի 2013-2016 թթ. գործողություններում, որով մենք հաստատում ենք, որ ժողովրդավարության որակը կախված է ժողովրդավարական գործընթացներում քաղաքացիների մասնակցությունից»,- հայտարարել է նա:

Մեկնաբանել