Անփոփոխ սակագինը «ՀայՌուսգազարդին» Դ66,2 մլրդ է արժեցել

2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունները «ՀայՌուսգազարդին» Դ66,2 մլրդ են արժեցել։ 2011թ. Դ15,4 մլրդ վնասի դիմաց ընկերությունն անցած տարի 4,3 անգամ ավելի վնաս է կրել, ինչը պայմանավորված է ռուսական գազի թանկացման պայմաններում վերջնական սպառողների համար վառելիքի սակագինն անփոփոխ թողնելով։

«ՀայՌուսգազարդը» հրապարակել է 2012թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունը և անկախ աուդիտորական եզրակացությունը։ Թեև ֆինանսական հաշվետվությունը մասնակի է, և ներկայացված չէ ինքնարժեքի կառուցվածը, մասնավորապես՝ ռուսական գազի ձեռքբերման գինը, ընկերության ֆինանսական ցուցանիշների պարզ համադրումից երևում է, որ Հայաստանի սահմանին տեղի է ունեցել ռուսական գազի թանկացում։

Ռուսական գազի թանկացման փաստը անցած տարի երևում էր նաև Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտուրը երկիր-ապրանք կտրվածքով (2011-2012 թթ.)» հրապարակումից։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 2012թ. Հայաստանի համար ռուսական 1000 խմ գազը թանկացել է $52-ով՝ կազմելով $232։ ՊԵԿ-ի այս տվյալները հաստատում է նաև «ՀայՌուսգազարդի» հաշվետվությունը։

Թեև 2012թ. Ռուսաստանը բարձրացրել է Հայաստան առաքվող գազի գինը, իշխանություններն այս փաստը «գաղտնի» են պահել՝ հաշվի առնելով համապետական ընտրությունները։ Արդյունքում վերջնական սպառողների համար գազի գինը մնացել է անփոփոխ, իսկ «ՀայՌուսգազարդը» կրել է լուրջ վնասներ. դրանք կառավարությունը պատրաստվում է փոխհատուցել մայր ընկերությանը՝ «Գազպրոմին», հայկական գազաբաշխիչ ընկերությունում իր 20% բաժնեմասը փոխանցելու ճանապարհով։

Ռուսական գազի թանկացումն ակնհայտ երևում է «ՀայՌուսգազարդի» հասույթի և ինքնարժեքի ցուցանիշներից։ Այսպես՝ 2012թ. գազի իրացման ծավալների 4,8% աճի պայմաններում ընկերության հասույթն աճել է 21,3%-ով (Դ32 մլրդ-ով)՝ կազմելով Դ182 մլրդ, իսկ վառելիքի ինքնարժեքն ավելացել է 45%-ով (Դ68 մլրդ-ով)՝ կազմելով Դ219,6 մլրդ։ Իհարկե, «ՀայՌուսգազարդը» գազը ձեռք է բերում արտարժույթով և վաճառում ազգային արժույթով, սակայն ինքնարժեքը չէր կարող նման կերպ աճել զուտ փոխարժեքի գործոնի հետևանքով։ Բանն այն է, որ անցած տարի գազի իրացման ծավալների աճը տեղի է ունեցել խոշոր գազասպառողների հաշվին, որոնց համար սակագինը սահմանված է արտարժույթով։

Վնասի նման չափը հետևանք չէ նաև ընդհանուր և վարչական ծախսերի, քանի որ դրանց մակարդակը 2012թ. ավելացել է ընդամենը 0,5%-ով՝ կազմելով Դ7,33 մլրդ։

Վնասը որոշակիորեն ավելացել է ֆինանսական ծախսերի հաշվին. եթե 2011թ. ընկերության ֆինանսական ծախսերը կազմել են Դ4 մլրդ, ապա 2012թ.՝ արդեն Դ14 մլրդ, որի հիմնական մասը՝ Դ10 մլրդ-ը, տոկոսային ծախսերն են։

«ՀայՌուսգազարդին» ուղղակի վնաս է հասցրել նաև պետությունը։ Թեև 2011-2012 թթ. ընկերությունը վնասով է աշխատել, 2012թ. կատարել է Դ6 մլրդ-ի շահութահարկի վճարում։ Սա անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ «Շահութահարկի մասին» օրենքի համաձայն՝ տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ, որոնց մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ՝ նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի կամ շահութահարկի հաշվարկային մեծության 18,75%-ի չափով։ Ըստ օրենքի՝ ընկերությունը նվազագույն շահութահարկը վճարում է սահմանված կարգով՝ հաշվարկված մեծությունից 1 տոկոս դրույքաչափով։

Մյուս կողմից՝ շահութահարկի մասին օրենքով հստակ ամրագրված է՝ այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, ընթացիկ տարում կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել։ Ըստ այդմ՝ 2012թ. «ՀայՌուսգազարդը» շահութահարկի գծով կանխավճարներ չպետք է կատարեր, քանի որ նախորդ տարին վնասով է փակել։ Բայց հաշվի առնելով կառավարության կողմից ամեն գնով բյուջեի եկամտային մասն ապահովելու քաղաքականությունը՝ ընկերությունը ստիպված է եկել կանխավճարներ կատարել։
Վերջին երեք տարիներին «ՀայՌուսգազարդի» վնասը փաստացի կազմել է Դ92,4 մլրդ ($225 մլն), որից 2010թ. վնասը՝ Դ0,8 մլրդ, 2011-ինը՝ Դ15,4 մլրդ, 2012-ինը՝ Դ66,2 մլրդ:

Մեկնաբանել