Գարեգին Բ-ն մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու նորակառույց Ս. Կարապետ եկեղեցու օծմանը

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Եկատերինբուրգի հայ համայնքի հրավերով մեկնել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ` հանդիսապետելու Եկատերինբուրգի նորակառույց Ս. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը, հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից:

Եկատերինբուրգի օդանավակայանում Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Սվերդլովյան մարզի փոխնահանգապետ Յակով Սիլինը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանը, Ս. Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանը, քաղաքային իշխանությունները և հայ համայնքի ներկայացուցիչները:

Ավանդական աղ ու հացի արարողությունից և ողջույնի խոսքերից հետո Գարեգին Բ Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սվերդլովյան մարզի նահանգապետարան, ուր տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հանդիպումը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՀՀ ՊՆ փոխնախարար Մելս Չիլինգիրյանը:

Զրույցի ընթացքում նահանգապետ Կույվաշևը ջերմորեն ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և պատմական ու պարտավորեցնող նկատել է աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգևոր առաջնորդի այցը Սվերդլովյան մարզ և մասնավորապես Եկատերինբուրգ քաղաք: Իր խոսքում նահանգապետը գնահատանքով է անդրադարձել հայ և ռուս բարեկամությանը, ինչպես նաև հայ համայնքի` մարզի կյանքի տարբեր ոլորտներում ունեցած կարևոր մասնակցությանը: Նահանգապետը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին նորակառույց եկեղեցու բացման առիթով` վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կլինի հայ համայնքի հոգևոր կյանքի համար:

Իր հերթին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է երկու հավատակից ժողովուրդների դարավոր բարեկամական ու եղբայրական հարաբերություններին և ներկայիս սերտ համագործակցությանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ փաստել է, որ Ռուսաստանի Դաշնությունում հայ ժողովրդի զավակները կարողանում են ազատորեն կազմակերպել իրենց հոգևոր-ազգային կյանքը, իրենց կարևոր ներդրումը բերել Ռուսաստանի զորացմանն ու առաջընթացին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ի դեմս նահանգապետի իր օրհնությունն ու գնահատանքն է հայտնել Սվերդլովյան մարզի նահանգային և քաղաքային իշխանություններին` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի համար, որի վկայություն է նորակառույց Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին և հայ համայնքի մշակութային արգասավոր կյանքը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկրամասի և քաղաքի հասարակական և հոգևոր կյանքին:

Մեկնաբանել