Կայուն խաղալու համար պետք է կայուն կազմ ունենալ. Վարդան Մինասյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձել է ինչպես Իտալիայի ազգային հավաքականի հետ վերջին հանդիպմանը, այնպես էլ ամբողջ անցած ընտրականփուլին: Հարցազրույցը ներկայացված է ստորև:

Պարոն Մինասյան, նախ անդրադառնանք Իտալիայի հետ խաղին: Ի՞նչը ստացվեց, ինչը՝ ոչ Ձեր կարծիքով:

-Բոլորն էլ գիտեին, որ նույնիսկ այս խաղում հաղթելու դեպքում մեր՝ անցումային խաղերին մասնակցելու շանսերը քիչ էին: Բայց, անկախ դրանից, մենք ձգտում էինք հաղթանակի: Ամենակարևորն այն էր, որ խաղացինք առանց վնասվածքների, չնայած Արասի հետ կապված անընդհատ մտավախություն ունեի: Մենք պլանավորել էինք արագ գոլ խփել և ճնշում գործադրել հենց սկզբից, և դա ստացվեց: Չնայած չհաղթեցինք, բայց Իտալիայի պես թիմի հետ խաղում ոչ-ոքին դրական արդյունք եմ համարում, իսկ խաղի որակն ինձ լիովին բավարարեց:

Եթե մրցակիցն ավելի մոտիվացված լիներ, ինչպե՞ս կընթանար խաղը:

-Չեմ կարող ասել, որովհետև մենք ավելի շատ մտածում էինք մեր խաղի մասին: Այնպես էլ չէ, որ իրենք մոտիվացված չէին: Իրենք էլ փորձարկում էին նոր ֆուտբոլիստներ, որոնց մոտիվացիան շատ բարձր էր:

-Շատերին հետաքրքում է այն հարցը, թե ինչու Վարդան Մինասյանը չէր ուրախանումգոլերից հետո, և ի՞նչ էր ասում Ռոբերտ Արզումանյանին առաջին գոլից հետո:

Նախ, դեռևս ուրախանալու բան չկար, որովհետև ամբողջ խաղն առջևում էր: Իսկ Ռոբերտին, եթե չի դավաճանում հիշողությունս, ասում էի, որ պետք է ավելի կոմպակտ գործել:

Ի՞նչն էր Լևոն Հայրապետյանի փոխարինման պատճառը:

-Նրա եզրով մեր դարպասին գրոհները շատացել էին, և մենք փորձեցինք թարմացնել այդ եզրը, որ կարողանանք ավելի լավ դիմակայել մրցակցին:

-Անդրադառնանք ընդհանուր ընտրական փուլին: Ի՞նչն էր հիմնական պատճառը, որ հավաքականն այն անցկացրեց այդքան անկայուն:

-Սա շատ ծավալուն թեմա է: Ես արդեն անդրադարձել եմ այս հարցին, բայց նորից կասեմ. կայուն խաղալու համար պետք է առաջին հերթին ունենալ կայուն կազմ, իսկ մենք այս ընտրական փուլի ընթացքում միայն առաջին և վերջին խաղերի ժամանակ ենք խաղացել օպտիմալ կազմով: Եթե մենք միշտ ունենում ենք դեղիններ, վնասվածքներ, մենք չենք կարող կազմի մեծ ընտրություն ունենալ: Բացի այդ, այս ցիկլում մեր խաղացողներից շատերը զրկված էին խաղային մշտական պրակտիկայից իրենց թիմերում:

-Անկախ սուբյեկտիվ պատճառներից՝ հավաքականը մոտ էր գոնե անցումային խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերելուն: Ի՞նչը չհերիքեց:

-Երբեմն լսում եմ կարծիքներ, ըստ որոնց` ստեղծվում է տպավորություն, որ մեր հավաքականը խմբի ֆավորիտն էր և պարտավոր էր դուրս գալ խմբից, բայց եթե ուշադիր լինենք, մեր խմբում բացի Իտալիայից, մնացած բոլոր թիմերն էլ հավասարազոր էին (բացառությամբ Մալթայի), և մենք գիտեինք, որ դժվար պայքար է ընթանալու: Եթե մենք լինեինք Իտալիան կամ Գերմանիան, ապա մեր խմբից դուրս չգալը ձախողում կլիներ, բայց մեր պարագայում այդպես չէ: Բացի այդ, ես գտնում եմ, որ բացի Մալթայի հետ երևանյան հանդիպումից (այդ խաղը մեզ համար կատարյալ ձախողում էր) մեր թիմը մնացած բոլոր խաղերում ցույց է տվել արժանի խաղ` չնայած նրան, որ որոշ խաղերում մենք ավելի շատ մտածում էինք ինչպես լրացնել բացակա ֆուտբոլիստների պակասը: Ընտրության շատ քիչ տարբերակներ ունեինք: Վերջին մի քանի խաղերում մենք ընդհանրապես ստիպված էինք փոփոխություններ կատարել նույնիսկ առաջին խաղակեսում: Բայց եղան նաև դրական բաներ: Մեր թիմը զգալիորեն բարելավեց իր վարկանիշը և հիմա ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է իր պատմության մեջ ամենաբարձր՝ 38-րդ տեղը: Հետաքրքրությունը մեր ֆուտբոլիստների նկատմամբ աճել է: Հայաստանի ազգային հավաքականի հետ բոլորն են արդեն հաշվի են նստում:

Հասկանալի է, որ ընտրական փուլի ամենավատ խաղը Մալթայի դեմ հանդիպումն էր, իսկ զուտ խաղային առումով ամենալավ խաղը ո՞րն էր:

-Կան մի քանի խաղեր, բայց երևի ամենաարժեքավորը Դանիայի հետ հանդիպումն էր, որովհետև Մալթայի հետ խաղից հետո դուրս գալ և այդպես խաղալը շատ մեծ արժեք ուներ: Եվ, ընդհանրապես, Մալթայի հետ խաղից հետո մենք երեք հաղթանակ ենք տարել, խաղացել ոչ-ոքի և կրել ընդամենը մեկ պարտություն: Սա ցույց է տալիս, որ թիմն ունի կամքի մեծ ուժ:

-Չեխիայի և Բուլղարիայի նկատմամբ տարած հաղթանակները վկայո՞ւմ են, որ Ձեր թիմն ունի նաև հաղթողի հոգեբանություն:

-Այո, թիմն ունի հաղթողի հոգեբանություն, գրեթե կայացել է, ունի իր ձեռագիրը, խաղային սկզբունքները, միասնական է: Թիմի խնդիրներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է, որից էլ բխում է անկայունությունը: Բացի այդ, ֆուտբոլիստները պետք է մշտապես ունենան խաղային պրակտիկա իրենց ակումբներում: Նույն Մարկոսի օրինակը ցույց է տալիս, որ, որքան էլ ֆուտբոլիստը բարձրակարգ լինի, նա չի կարող առավելագույն օգուտ բերել թիմին, եթե զրկված է խաղային պրակտիկայից

-Ընտրական փուլի կեսից Վարազդատ Հարոյանը և Կամո Հովհաննիսյանը սկսեցին հայտնվել հիմնական կազմում: Դա ավելի շատ ստիպվա՞ծ քայլ էր, թե՞ մտածված:

– Վարազդատ Հարոյանի պարագայում մտածված էր, թեպետ պարունակում էր ռիսկի գործոն: Այսինքն ես գիտեի, որ Հարոյանը լավ պոտենցիալ ունի և կարող է լավ ֆուտբոլ խաղալ, բայց չէինք ուզում նրան միանգամից հիմնական կազմ ընդգրկել, որովհետև մտավախություն կար, որ կարող է պատրաստ չլինել հոգեբանորեն: Բացի դրանից, նա շատ տաքարյուն է, որը երբեմն նրան խանգարում է: Նա դեռ շատ երիտասարդ է: Բայց բոլոր խաղերում, նույնիսկ Դանիայի հետ խաղում, որտեղ Հարոյանը հեռացվեց խաղադաշտից, նա լավագույններից մեկն էր: Ինչ վերաբերում է Կամո Հովհաննիսյանին, իմ կարծիքով նա իր որակներով ավելի շատ կիսապաշտպան է, ուղղակի այս պահին նրանից լավ աջ պաշտպանի պարտականությունները ոչ ոք չի կատարի: Ես կարևորում եմ, որ այս երկու խաղացողներն այս ընտրական փուլում դարձան հիմնական կազմի խաղացողներ, քանի որ հավաքականին մշտապես թարմություն է պետք:

-Ի՞նչն է պատճառը, որ մեր հավաքականը մշտապես խնդիրներ է ունենում մրցակիցների եզրային գրոհների ժամանակ. մեր պաշտպանները փոխանակ ավելի լայնացնեն պաշտպանական գիծը, նեղացնում են այն և տեղափոխվում կենտրոն:

– Ընդհանրապես, պաշտպանվելիս բոլոր թիմերը ավելի շատ հագեցնում են դաշտի կենտրոնը, փորձում են կոմպակտություն կիրառել: Ուղղակի եզրային փոխանցումների ժամանակ պետք է արագ վերադասավորվել, բացի այդ պաշտպաններին պետք է օգնեն նաև եզրային կիսապաշտպանները:

– Այդ դեպքում Ձեր պատասխանից բխող ևս մեկ հարց: Գո՞հ եք այն ծավալից, որով Գևորգ Ղազարյանը և Արաս Օզբիլիսն օգնում են պաշտպաններին:

-Գևորգը միշտ լավ է կատարել այդ ֆունկցիաները, նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, իսկ հիմա նաև ավելի մեծ փորձ է կուտակել, որովհետև իր թիմի կազմում բազմաթիվ միջազգային խաղերի է մասնակցել: Արասի մոտ նույնպես կա մեծ փոփոխություն: Սկզբում նրա համար շատ դժվար էր, քանի որ միշտ խաղացել էր 4-3-3 սխեմայով, բայց, ի պատիվ իրեն, Արասը հիմա կարողանում է նաև հաջողությամբ պաշտպանվել:

-Նախորդ ընտրական փուլում մենք հիմնականում խաղում էինք տակտիկական նույնսխեմայով, այս անգամ փորձվեցին բազմաթիվ տարբերակներ: Այդուհանդերձ, ո՞րն է մեզ համար ամենաօպտիմալ տարբերակը:

-Դա կախված է շատ հանգամանքներից, մրցակցից: Օրինակ, Բուլղարիայի դեմ խաղում ես նախապես էի որոշել, որ Արասը պետք է խաղա կենտրոնում, և մենք խաղացինք 4-1-4-1 սխեմայով: Այս ընտրական փուլի մյուս խաղերում ես մանևրելու շատ քիչ հնարավորություն եմ ունեցել: Իսկ ընդհանրապես, մենք խաղում ենք 4-2-3-1 տակտիկական սխեմայով, որովհետև այն համարվում է ամենաճկունը և ամենաբալանսավորվածը: Եթե մենք մշտապես ունենանք մանևրելու հնարավորություն, ապա մեր սխեման կընտրենք՝ կախված մեր և մրցակցի ուժեղ և թույլ կողմերից: Բացի այդ, ես չեմ դադարի կրկնել, որ կարևորը ֆուտբոլիստներն են, այլ ոչ թե խաղային սխեմաները: Ամեն ինչ կախված է նրանից, թե այս կամ այն սխեմայի մեջ տվյալ խաղացողը ինչ ֆունկցիաներ պետք է կատարի:

-Արտագնա խաղերում ավելի լավ արդյունքը կապվա՞ծ է այն բանի հետ, որ մենք ավելի հաջող ենք խաղում հակագրոհների մարտավարությամբ, թե՞ կան այլ պատճառներ:

-Հիմնական պատճառը դա էր: Արտագնա խաղերում մրցակիցը մեզ ավելի շատ տարածություններ էր տալիս հակագրոհելու համար, իսկ դա մեր ամենաուժեղ կողմն է: Կա ևս մեկ հանգամանք, որը կարող է տարօրինակ թվալ, բայց արտագնա խաղերում մեր վրա ճնշումն ավելի քիչ է, քան տանը: Մեր երկրպագուները, բացի հաղթանակից, ուրիշ բան չեն սպասում: Դա, իհարկե, լավ է, բայց երբեմն մեծ պատասխանատվությունը խանգարում է ֆուտբոլիստներին դրսևորելու իրենց ողջ կարողությունը:

-Այս փուլում մեր հավաքականը դարձավ բազմաթիվ գեղեցիկ գոլերի հեղինակ: Իսկ ո՞րն էր ամենագեղեցիկը կամ ամենակարևորը Ձեզ համար:

Դժվար հարց է, նույն Կառլեն Մկրտչյանի գոլը, կամ Յուրա Մովսիսյանի գոլը, որը ծնվեց Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից, Արասի գոլը տուգանայինից: Եթե խոսենք ամենակարևորի մասին, հավանաբար դա Յուրա Մովսիսյանի գոլն էր Դանիայի հետ խաղում առաջին րոպեին, որովհետև հոգեբանական ծանր իրավիճակում այն մեզ վստահություն հաղորդեց:

Առաջ չընկնելով հանդերձ՝ համարո՞ւմ եք, որ մեր հավաքականը հասունացել է և ի զորու է պայքարել Եվրո-2016-ի եզրափակիչ ուղեգրի համար:

-Դրականն այն է, որ մասնակից թիմերի քանակն ավելացել է, և մեր կարգի հավաքականների շանսերը՝ նույնպես: Բայց, նախևառաջ, պետք է նայել, թե ինչ թիմերի դեմ է խաղալու Հայաստանի հավաքականը: Այսինքն, պետք է սպասել վիճակահանությանը: Մնացածը կախված է տարբեր հանգամանքներից: Բայց մի բան հաստատ է` այս հավաքականն արդեն հասունացել է, անցած ցիկլից հետո գրեթե կայացել է, գիտի իր ուժեղ և թույլ կողմերը, գիտի, որ միասնական և բարձր մոտիվացիայով խաղալու դեպքում ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի:

Մեկնաբանել