«Կորած սերունդը» փողոց է դուրս գալիս արժանապատիվ ապրելու համար. փորձագետ

Վերջին շրջանում աշխարհում մի շարք շարժումներ` հատկապես երիտասարդների ակտիվ մասնակացությամբ հանրային շարժումները, ինչպես օրինակ Արաբական գարունը, 2011թ. «Գրավել Ուոլ Սթրիթը», Իսպանիայում Ինդիգադոների շարժումը, ինչպես նաև Հայաստանում վերջին շրջանի քաղաքացիական մի շարք շարժումներ երեք ընդհանուր պահանջ ունեն, և նրանց բնորոշ է «կորած սերնդի» կամ «անորոշ սերնդի» գործոնը: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Արմինե Իշխանյանը: Նրա կարծիքով այդ պահանջներից առաջինը ժողովրդավարությունն է, որը ընկալվում է որպես օրենքի գերակայություն, որպես սոցիալական արդարություն և ավելի շատ մասնակցություն ունի որոշումների կայացման մեջ: Երկրորդ ընդհանուր պահանջը Իշխանյանը, սոցիալական արդարությունն է համարում այն իմաստով, որ պետությունը չպետք է դավադրության մաս լինի՝ անհավասարություն և անարդարություն ստեղծելով: Երրորդը փորձագետը արժանապատվության խնդիրն է համարում: «Երբ Հայաստանում մարդկանց հարցնում ես արժանապատվության մասին, նրանք պատասխանում են, որ այդքան էլ մտահոգ չեն դրանով, բայց, միևնույն ժամանակ, քննադատում են այնպիսի ստորացումները, որ զգում են, երբ, ասենք, օլիգարխներն սկսում են ամեն ինչ իրենց վերցնել: Ուրեմն՝ կա արժանապատիվ ապրելու մտահոգություն»,-նշեց Իշխանյանը:

Ինչ վերաբերում է սերնդի գործոնին, նրա խոսքով` 18-25 տարեկաններից շատերի երազանքները` հատկապես գործազրկության բարձր մակարդակ ունեցող երկրներում, ինչպես օրինակ Հունաստանում կամ Իսպանիայում, իրականություն չեն դառնում, և նրանցից շատերը, ստանալով բարձագույն կրթություն և չգտնելով աշխատանք, հիասթափության և հուսախաբության զգացում են ունենում, ինչն էլ նրանց հարկադրում է փողոց դուրս գալ, քանի որ կարծում են` իրենց ձայնը ոչ ոք չի լսում:

«Շարժումների մասնակիցների մոտ այն մտահոգությունն է, որ ժողովրդավարությունը սեփականաշնորհվել է, գրավվել մասնավոր շահի կողմից, նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ն է կամ Մեծ Բրիտանիան, որտեղ ժողովրդավարական ավանդույթներն առկա են շատ երկար ժամանակ: Սա քննադատության մի մասն է, որ նրանք ցանկանում են արտահայտել իրենց մասնակցությամբ` իրենց ձայնը քաղաքականության ձևավորման հարցում լսելի դարձնելու համար», -ասաց Իշխանյանը:

Ի պատասխան հաղորդավարի` Հայասատանում քաղաքացիական մի շարք` մասնավորապես Մաշտոցի պուրակի, ինչպես նաև բնապահպանական, գենդերային և այլ շարժումների մասնակցիների քաղաքական կուսակցությունների հետ հարաբերություններ չկառուցելու պատճառների մասին հարցին` փորձագետը նշեց, որ Հայաստանում առկա էր հսկայական հուսախաբություն քաղաքական կուսակցություններից, ինչը շարունակվում է: «Կա նաև զգուշավորություն քաղաքական կուսակցություններից, որովհետև որոշ կուսակցություններ փորձել են օգտագործել այս շարժումների ձեռք բերած քաղաքական ու հանրային կապիտալը և օգտագործել իրենց նպատակների համար: Կարծում եմ, մենք գործ ունենք տարբեր տեսակի ակտիվիստների հետ, քանի որ այս ակտիվիստներն աշխատում են հորիզոնական, փոխհամաձայնության վրա հիմնված որոշումների կայացմամբ, և շատ չեն անհանգստանում լիդերի ընտրության հարցում», -ընդգծեց Իշխանյանը:

Նրա կարծիքով` Հայաստանի շարժումների` հասարակական գիտակցման վրա ազդելու և այն փոխելու հիմնական թերությունն այն է, որ նրանք շատ առանձնացված են և հիմնականում կենտրոնացած են Երևանում, մի փոքր էլ՝ Վանաձորում ու Գյումրիում: «Սակայն ավելի լայն հասարակական ազդեցություն ունենալու համար նրանք պետք է ավելի լայն տարածվեն ու կապեր ստեղծեն», -նշեց փորձագետը:

Մեկնաբանել