Հայաստանը Չինաստանից գնել է 3 մեծ թթվածնի կայան, 500 թթվածնային խտացուցիչ

Չինաստանից Հայաստան է մատակարարվել 500 թթվածնային խտացուցիչ, ինչպես նաև 3 մեծ թթվածին արտադրող կայան, բոլոր գնումներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով․ այս մասին հունիսի 21-ին գրառումներ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: Սարքերի բաշխումը արդեն իսկ սկսվել է հենց օդանավակայանից։

Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարքը, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը: Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը:

Սարքերը ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- գրել է Փաշինյանը։

Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացնում է․

«Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.

– Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
– Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
– Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:

Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:

Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար:

Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով»։

Մեկնաբանել