Նրանք նստել են հայրենիքի վրա

Ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում ու զանազան լրատվամիջոցներում հանդես են գալիս հայտնի, ոչ այնքան հայտնի կամ պարզապես անհայտ մտավորականներ կամ իրենց մտավորական համարողներ և նախահարձակ ցասումով դատափետում այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությունը կամ բանավեճ-քննարկումը։ Առանձնապես տարակուսելի և անընդունելի ոչինչ չկա այս ամենում, ի վերջո՝ յուրաքանչյուր ոք ինքն է առաջին հերթին պատասխանատու սեփական պատվի համար և ինքն է ընտրում իր ճանապարհը դեպի պատվարժանություն կամ անպատվություն։ Իրոք, արտառոց ոչինչ չէր լինի, եթե այդ ամենը չուղեկցվեր հայրենիքը սիրելու հրամայական-քարոզով։ Այս վերջին հանգամանքը առավել կատաղի դրսևորվում է հատկապես բանակը սիրելու հորդորով և քիթը այնտեղ չխոթելու թափանցիկ ակնարկով։

Եթե ուշադրությամբ զննեք այդ անձանց ցանկը, ապա անպայման կնկատենք, որ նրանք գրեթե առանց բացառության իշխանությունում են կամ էլ իշխանամերձ շրջանակներում ու դրանց առընթեր օղակներում։ Հայրենիքը սիրելու հորդոր-հրամայականը նրանք երբեմն բազմազանում են պետությունը սիրելու կոչով։ Ու կամաց-կամաց մոտենում են խորքային հորդորին ու բուն նպատակին՝ իշխանություններին սիրելուն։ Նրանք չեն կարող միանգամից քարոզել սիրելու իշխանություններին, դրա համար էլ այդ քարոզը քողարկում են պետությունը, հայրենիքը, երկիրը սիրելու կոչով։ Քարոզչական այդ աշխատանքն ամենևին էլ բարեգործական ձեռնարկ չէ։ Ինչպես բանաստեղծ ընկերս՝ Սլավի Ավիկ Հարությունյանն է ասում, հայրենիքը սիրելու համար նրանք աշխատավարձ են ստանում։

Այդ մարդկանց կարելի է անվանել պաշտոնական-հաստիքային հայրենասերներ։ Նրանց հայրենասիրությունը բյուջետային է։ Իմ պատկերացմամբ՝ նրանց սերն առ հայրենիք նման է Հանրային հեռուստատեսությունը սիրելուն։ Վերջինս (իր տերերի հանգույն) իրեն որպես հանրային էլ մատուցում է, բայց իրականում այն լավագույն դեպքում կարող է հավակնել պետական հեռուստատեսության կոչմանը։ Իսկ եթե անկեղծ լինենք, ապա այն պետական էլ չէ, այլ իշխանական։ Մինչև վերջ խորամուխ լինելու պարագայում կհասկանանք, որ այն իշխանական էլ չէ, այլ բարձրագույն-իշխանական հեռուստատեսություն է, որովհետև իշխանության ստորին ու միջին օղակներն ազդեցության ոչ մի լծակ չունեն Հանրայինի վրա։

Այսպիսով, մեր պաշտոնական-հաստիքային-բյուջետային հայրենասերների սերը հենց բարձրագույն-իշխանական է։ Նրանք բոլորն էլ ապրում են ոչ այնքան հանուն հայրենիքի, որքան ի հաշիվ հայրենիքի։ Չլինեին նրանց մենաշնորհներն ու առանձնաշնորհները, այդ հայրենասիրությունը կթոշներ ու կփշակալեր։ Ինքներդ էլ ձեր շրջապատում ճանաչում եք մարդկանց, ովքեր ձեզ ուղղակի տեռորի էին ենթարկում, որպեսզի սիրեք հայրենիքը, բայց հայրենական կերակրատաշտից զրկվելուց հետո նույն այդ հայրենիքի հերն անիծում են հիմա։

Նրանց հայրենիքը իրենց իսկ աթոռն է՝ պետական-իշխանական-հայրենական-հայրենասիրական աթոrը։ Կերակրատաշտ, որի տակ չորս ոտք կա։ Նրանք նստել են այդ աթոռին ու մյուսներին քարոզում են սիրել հայրենիքը։ Նրանք ապրում ու բազմանում են այդ աթոռի վրա։ Հանուն այդ աթոռի նրանք պատրաստ են ամեն ինչի։ Նրանք նստել են հայրենիքի վրա։ Որքան ճոճվում է այդ աթոռը նրանց ու շեֆերի տակ, այնքան ավելի ցասումնալից են նրանք հայրենասեր դառնում և այնքան ամեհի քարոզում հայրենասեր լինել։ Մեկը երերացող աթոռից կոչ է անում վերադարձնել մեր պատմական տարածքները, մյուսը պահանջում է մեր երկիրն անվանել մեր պատմական հայրենիքի մի մասի անվանումով՝ ակնկալելով նաև մյուս մասը, և այլն, և այլք։ Այս մի մասում թե առկա ռեսուրսներն են արդեն մսխել և թե մարդկանց հույսնուհավատը։ Նոր պաշարներ են պետք։

Ու նրանց բոլորի համար էլ առաջնահերթություն է Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Դատարկվում է երկիրը, իսկ ներքին եղեռն իրականացնող իշխանությունը Ցեղասպանության ճանաչումն առաջնահերթություն է դարձրել և այն ներկայացնում է որպես հայրենասիրական քայլ։ Հենց այդպես են դա ներկայացնում մեր պաշտոնական-հաստիքային հայրենասերները։ Երկիրն ամայացնող իշխանությունն այսպիսով պատրաստվում է ըստ արժանվույն դիմավորել էրգիրն ամայացրած Ցեղասպանության 100-րդ տարելիցը։

Հայրենասիրության համար ժամանակին հատուկ կրթություն պետք չէր, ամեն մարդ այն հասկանում էր յուրովի և անգամ չհասկանալով՝ իրենից կախվածն անում էր հայրենիքի համար։ Անում էր ի՛ր համար՝ հող էր հերկում, հաց էր թխում, այբուբեն էր սովորեցնում, ֆուտբոլ էր խաղում ու չէր կասկածում, որ ինքը հայրենասեր է։ Հիմա դա մասնագիտություն է դարձել, մարդիկ հատուկ հայրենասիրություն են ուսանում։ Գլուխը քարը՝ եթե այդ առարկան կրթօջախներում անցնեին։ Բայց ոչ, այդ առարկան միայն իշխանական մարմիններում են դասավանդում։ Այնպես որ, մարդկանց զգալի մասը պարզապես հնարավորություն չունի հայրենասեր լինելու։

Մեր պաշտոնական-հաստիքային հայրենասերների կրքոտ ու անպատասխան սերը միայն մի արդարացում կարող էր ունենալ։ Եթե նրանք առաջինը խոսեին մեր հայրենիքը հոշոտող չարիքի ու արատների մասին, մասնավորապես՝ բանակում տիրող մթնոլորտի և մեր երիտասարդների խոշտանգումների ու ինքնասպանությունների մասին։ Բայց դա հնարավոր չէ։ Որովհետև այդ պարագայում ուրիշները հայրենասիրական դասեր կտային։ Նրանց փոխարեն։ Ու նրանց։

Հայրենասեր լինելն ավելի ձեռնտու է։

Ժամանակին Թոմաս Ջեֆերսոնն ասում էր՝ այլախոհությունը հայրենասիրության բարձրագույն տեսակն է։ Մեր պարագայում կարելի է ավելի հասկանալի ու հանրամատչելի ձևով ասել՝ հայրենասիրությունը ոչխար չլինելն է։ Որովհետև եթե ոչխարներ չեն լինում, եթե հանրությունը խոտաճարակ չի դառնում, ապա պաշտոնական-հաստիքային հայերենասիրություն որոճողներ էլ չեն լինում։

Մեկնաբանել