Սիրիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը՝ ամերիկյան քաղաքականության մասին

Սիրիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը, որը վերջերս է լքել իր պաշտոնը, CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ չէր կարող այլևս աջակցել իր երկրի կառավարության քաղաքականությանը։

«Ես այլևս չէի կարող պաշտպանել Ամերիկայի քաղաքականությունը,- ասել է նա։ – Մենք ի վիճակի չէինք վերացնել հակամարտության արմատական հետևանքները՝ մարտական գործողությունների և ուժերի հավասարակշռության տեսանկյունից, և կար աճող ծայրահեղականության վտանգ»։

Ֆորդը Սիրիան լքել էր 2012թ․ փետրվարին քաղաքացիական պատերազմի սրման ֆոնին, սակայն շարունակում էր դեսպանի պաշտոնում մնալ մինչև այս տարվա փետրվար ամիսը, դեսպանատունը շատ ակտիվ էր սոցիալական մեդիայում։

«Իրականում չենք կարող մատնանշել մի բան մեր քաղաքականությունում, որ մեծ հաջողությամբ է պսակվել՝ բացի Ասադի քիմիական որոշ նյութերի մոտ 93%-ի դուրսբերումից։ Սակայն այժմ նա քլոր գազ է օգտագործում իր ընդդիմախոսների դեմ»,- ասել է նախկին դեսպանը։

Սիրիական հակամարտության սկզբում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, այդ թվում՝ այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, պնդեցին, որ Ամերիկան հուսալի աջակցություն ցուցաբերի չափավոր ընդդիմությանը; այս առաջարկը կյանքի չկոչվեց։

Ֆորդի խոսքով՝ «ներկայում լավ հայտնի է, որ Պետդեպարտամենտը կարծում էր՝ պետք է շատ ավելի մեծ օգնություն ցուցաբերվեր Սիրիայում զինված ընդդիմությանը»։

Նա ասել է՝ ամերիկյան քաղաքականությունը որոշակի «առաջընթաց» է գրանցել այս ուղղությամբ, սակայն դա բավարար չէ։

«Միացյալ Նահանգներն ու մեր դաշնակիցները ունեն Բաշար ալ Ասադի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու գործիքներ,- նշել է Ֆորդը։ – Առավելևս, քանի որ Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների համար մեծանում է Սիրիայից բխող ծայրահեղականության վտանգը, կարծում եմ՝ մենք պետք է իսկապես լավ կշռադատենք՝ արդյոք անում ենք հնարավոր ամեն բան՝ օգնելու Սիրիայում մեր բարեկամներին»։

Ֆորդի խոսքով՝ Ասադը չէր լինի այն ուժեղ դիրքում, որում այժմ է, եթե չլիներ դրսի ուժերի՝ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման, Իրանի և Ռուսաստանի աջակցությունը։

«Մենք միշտ մի փոքր հետ ենք մնում։ Մենք պետք է առաջ անցնենք։ Սա կարևոր է»,- ասում է նա։

Սիրիայում ավելի խոր ներգրավվածությանը թերահավատորեն վերաբերվող մարդկանց ընդհանուր մոտեցումն այն է, որ Ամերիկան ու նրա դաշնակիցներն այլևս չեն հասկանում, թե իրական ընդդիմությունը որն է։

Ֆորդը հակադարձում է այս տեսակետին։

«Մենք նրանց լավ ճանաչում ենք այժմ։ Որոշ մարդիկ ասում են՝ լավ, մենք նրանց բավականաչափ չենք ճանաչում; մենք չենք կարող կախված լինել նրանցից։ Մենք նրանց բավականաչափ ճանաչում ենք։ Մենք աշխատել ենք նրանց հետ երեք տարի։

Նրանք պետք է ստանան միջոցները, որ անհրաժեշտ են հավասարակշռությունը փոխելու համար՝ առնվազն որոշ վայրերում։

Ի դեպ, նրանք փաստացի հաղթում են Սիրիայի հյուսիսում։ Ասադը լավ է գործել մայրաքաղաքում՝ հարավում։ Սակայն հյուսիսում չափավոր ընդդիմությունը փաստացի հաղթում է։

Մենք տեղում դաշնակիցների կարիք ունենք՝ ոչ ամերիկյան զինվորների, այլ սիրիացի բարեկամների, որոնք պայքարում են այդ խմբավորումների դեմ, և մենք պետք է օգնենք այդ մարդկանց «Ալ Կաիդայի» դեմ իրենց պայքարում։ Ու դա պետք է արվի անհապաղ»,- ասել է նա։

Ըստ դիվանագետի՝ ներկա դրությունը, երբ չափավոր ընդդիմությունը ստիպված է պայքարել ինչպես Ասադի, այնպես էլ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների դեմ, անակնկալ չէ։

Ասադը «ֆիզիկապես չի վերահսկում Սիրիայի 2/3-ը։ Դեռ երկու տարի առաջ մենք նախազգուշացրել էինք, որ ահաբեկչական խմբավորումները կարող են լցնել այդ վակուումը, ինչպես դա եղավ Աֆղանստանում, Սոմալիում, Եմենում և Մալիում։

Սա միջուկային ֆիզիկա չէ։ Ահաբեկչական խմբավորումները կարող են ներթափանցել կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող վայրեր, որոնցում կարող են ազատ գործել։

Մենք զգուշացրել էինք, որ սա տեղի է ունենալու Սիրիայում, և այդպես էլ եղավ»,- նշել է նա։

Նախկին դեսպանի խոսքով՝ Սիրիայում տիրող իրադրությունը խորապես ճնշող և անհանգստացնող է։

«Կարծում եմ՝ մենք բոլորս, մարդիկ, որոնք հավատարիմ են մարդկային պատշաճության և արժանապատվության հիմնարար արժեքներին, պետք է օգնեն սիրիացիներին։

Մենք չպետք է անտեսենք այս հակամարտությունը՝ ելնելով ինչպես բարոյական պատկերացումներից, այնպես էլ ազգային անվտանգության՝ հաշվի առնելով մեզ և մեր դաշնակիցներին սպառնացող ծայրահեղականության վտանգը»,- ասել է նա։

Մեկնաբանել