Քոչարյանի թիրախում Սարգսյանն ու նրա շրջապատն են

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում բարձրացված հարցերը բաժանվում են երկու խմբի՝ քաղաքական և տնտեսական: Հատկապես տնտեսական խնդիրների մասով նա շատ կոշտ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին, իսկ Որոտանի հէկի վաճառքի հետ կապված՝ ընդհուպ կանխատեսում, որ գործարքի հետ առնչություն ունեցած անձինք մի օր պատասխանատվության են ենթարկվելու։

Տնտեսական խնդիրներին առնչվող հարցերի ընտրությունը առավել քան ուշագրավ է: Դրանք այս կամ այն կերպ առնչվում են անձամբ գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Մամուլում տեղ գտած պնդումների համաձայն, որոնք չեն հերքվել, Որոտանի հէկի վաճառքի ակունքներում Սարգսյանի դստեր ամուսինն է՝ Միքայել Մինասյանը, որն այսօր Վատիկանում Հայաստանի դեսպանն է։ Նրա ստեղծած մեդիակայսրությունը Հայաստանում փորձում է հասարակական-քաղաքական գիտակցությունն ուղղորդել իրեն ցանկալի հունով: Մինասյանի անվան հետ են կապվում նաև նրա լրատվամիջոցներով Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպվող պարբերական արշավները:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տեսա- և լուսանկարահանող համակարգերի կառավարումը նույնպես կապվում է Սերժ Սարգսյանի մերձավորի, նրա եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի հետ: Երևանում վճարովի ավտոկայանատեղիների խնդրահարույց բիզնեսը, ևս մամուլի համառ պնդումների համաձայն, պատկանում է Սարգսյանի մտերիմ ընկերոջ որդուն՝ Տիգրան Հարությունյանին:

Խնդիրն այս համատեքստում դիտարկելու դեպքում ակնհայտ է, որ Քոչարյանի ընտրած թեմաները բոլորովին պատահական չեն. երկրորդ նախագահի թիրախում Սերժ Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատն են: Սա անուղղակի վկայություն է, որ Քոչարյանը հրապարակային առճակատման է գնում իր վաղեմի գործընկերոջ և ենթակայի հետ։

Առաջիկայում առավել հստակ կերևա, թե արդյոք սա իշխանության վերադառնալու ձեռնո՞ց է, թե՞ Քոչարյանի՝ արդեն հերթական դարձած քննադատությունը։

Մեկնաբանել