Սահմանադրության օրը միշտ վաղն է

Երեխա ժամանակներից ես երազում եմ: Բոլոր այդ երազանքներում արդարությունն ինչ-որ տեղ հաղթանակում է: Իմ երազանքներում ես չունեմ այն չարությունը (երբեմն, իհարկե, ունեմ), որ ունեմ կյանքում: Այնտեղ օրենքներ չկան: Այնտեղ կան ընկալումներ: Այնտեղ կա փիլիսոփայություն: Մի քիչ էլ՝ կրոն:

Ասենք, փողոցում ապրող կատուն ինձ ընկալելի չէ: Դա սնում է իմ երազանքը՝ խնամել նրան: Կյանքը դա թույլ չի տալիս՝ կին, երեխաներ, հիվանդություն, կատվի խնամքի պետական ինստիտուտների բացակայություն: Դա օձերին էլ է վերաբերում: Երբ ինչ-որ մեկը Ֆեյսբուքում իր սատկացրած օձի լուսանկարն է դնում, ես երազում եմ նայել սատկացնողի աչքերի մեջ: Գուցե թունավորվի: Դրա համար ես բավականաչափ չարություն ունեմ: Էդ թույնը հաջորդ օձերի կյանքը պահպանելու երաշխիքն է: Այսինքն, երազանքներ չեն, այլ հեքիաթներ: Դրանցում դրվածքներ չկան, օրենքներ չկան, կա ինչ-որ մեկը, որն արդարություն է ուզում, ուզում է, որ բոլոր գոյություն ունեցողներն ապրեն: Առանց ուրիշին վնաս պատճառելու: Թունավոր օձին ընդառաջ մարդու ագրեսիան վայրենու պահվածք է: Մարդուն ընդառաջ թունավոր օձի ագրեսիան՝ բնապահպանական հարց, որտեղ ճշգրտված չեն տարածության մեջ մարդու և օձի տեղը:

Հետևաբար այդ տեղը ճշտելուց հետո կարելի է խոսել օձին ոչնչացնելու մարդու իրավունքների մասին: Երազանքներում հաջողության հասնելու ճանապարհներն իրականում մշուշոտ են, որովհետև երազանքներում ամեն ինչ տեղի է ունենում շատ արագ: Կտրուկ: Հատկապես, երբ դրանք իրացվում են բաց աչքերով: Այսինքն, դու միշտ երազում ես վերջաբանը: Երազանքները, որովհետև, սկիզբ չունեն: Երազանքները նաև արգելակներ չունեն: Դրանցում միշտ ապահովագրվում է լավագույնը: Այսինքն, երազողն ունի լավագույնի մի ընկալում, որը փորձում է փրկել չարից: Ամեն ինչ ծառայեցվում է լավագույնի հաղթանակին, որը դու չես: Հենց դու քեզ դրեցիր լավագույնի տեղը, երազանքը դառնում է պատրանք: Խնդիրն այն է, որ լավագույնը միշտ քո տեսանկյունով է լավագույն: Այն համընդհանուր քննություն չի բռնում: Որովհետև դու միշտ մեկ հոգի ես: Այլ խոսքով, Հիսուս Քրիստոսը կամ Բուդդան չես, որոնք նույնպես մեկ հոգի էին: Երազանքներում դու և օրենք ես, և հերոս, և ապահովագրական գործակալ: Երբեմն նաև՝ Հիսուս Քրիստոս: Այն ընկալումով, որ լավագույնի հաղթանակից քո «քյարը» զրոյական է:

Կենդանիները և բնությունն իմ թուլությունն են: Եվ, իհարկե, երեխաները, որոնք ապրում են չապրելու դատապարտվածությամբ: Իմ երազանքներում ես ուզում եմ սասունցիդավթությամբ փոխհատուցել ապրելու անզորությունը: Այնտեղ ես կանոններ չեմ գրում, այնտեղ ես փոխհամաձայնություններ չեմ կայացնում, որևէ մեկին չեմ ներքաշում իմ հետ գործակցելու մեջ: Ես միայնակ եմ: Այդպես մեծ է երաշխիքը, որ ինչ-որ մեկը կփրկվի: Խանգարողներ չեն լինի: Երազանքների էությունն է այդպիսին: Երազանքները մենակի զբաղմունք են: Անտեղ միշտ մեկ հերոս կա: Եվ բազմաթիվ՝ հակահերոս: Այդ երազանքներում այն կանխիկ ընկալումն է, որ կյանքը բավարար լավը չէ: Գրեթե բոլոր մեղավորներին դեմքով գիտես: Ոմանք գուցե հրաշալի հայր են, օգնում են բազումներին, սակայն նրանց տեսանելի կողմը խանգարում է ունենալ մի հասարակություն, որտեղ դու երազելու կարիք չունես: Կարճ ասած, իդեալական հասարակություններում երազանքներ չկան:

Կամ՝ երազում եմ ինչ-որ մեկին պետք գալ բանաստեղծությամբ: Կամ՝ բանաստեղծության իմ ընկալումներով: Ասել նրան, որ անհանգիստ խղճով չնստես բանաստեղծություն գրելու, որ բանաստեղծությունն ու օրենքները մի ընդհանուր գիծ ունեն՝ գրվում են ամեն ինչից հետո: Այն տարբերությամբ, որ օրենքները «բանտարկում» են մեկի կամ բոլորի քմահաճույքները, իսկ բանաստեղծությունն ազատագրում Աստծուն, որը խցանված է մարդու մեջ: Մի խոսքով, երազանքները մեկի երևակայության ազատ բաշխումն են բացակա իրականության մեջ: Այնտեղ նույնիսկ չգրված օրենքներ չկան, գրվածի մասին՝ չեմ ասում: Այնտեղ միայն ազատությունն է և դու՝ քո խղճի կամ անմարդկության «գյորա»: Կյանքն այդպիսին չէ: Սակայն կյանքը երազանքների մի կաթիլն է՝ ձևակերպված Սահմանադրությամբ: Դա ի՞նչ է: Ժամանակին եղել են ստրուկներ, որոնք երազել են ազատության մասին: Դարերով են երազել: Մինչև Սահմանադրությունը ձևակերպել է նրանց ազատությունը: Ժամանակին կինն իրավունքներ չի ունեցել, դարերով չի ունեցել: Եվ երազել է այդ իրավունքների մասին, բանաստեղծություններ է գրել, անանուն մանիֆեստներ է տարածել, մինչև տղամարդիկ կնոջ իրավունքները ձևակերպել են Սահմանադրությամբ: Ժամանակին «բոլոր անասունները հավասար չէին», և երազում էին հավասարության մասին: Մինչև դա էլ ձևակերպվեց Սահմանադրությամբ: Այսօր, իհարկե, «որոշ անասուններ ավելի հավասար են», սակայն երազանքի հմայքն այն է, որ պակաս հավասար «անասունը» դա հասկանում է և կարողանում է ձևակերպել իր երազանքներում: Դա նախ ինտելեկտուալ պահանջ է: Ինչ աղբ էլ լինի մարդու երազանքներում, ինտելեկտի հատիկն այնտեղ եղանակ ստեղծող է: Ամենաանգրագետն անգամ իր մեջ զգում է այդ հատիկը: Ահա թե ինչպես է մարդը հաղթահարում ինքն իրեն:

Վաղը Սահմանադրության օրն է: Սահմանադրության օրը միշտ վաղն է, քանի դեռ այն չի աշխատում:

Մեկնաբանել