102-րդ ռազմաբազան Կովկասում կայունության գրավական է. ՌԴ պաշտպանության փոխնախարար

AntonovՀայաստանի ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության գրավական է. այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը Երևանում ՌԴ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուի և Սեյրան Օհանյանի հանդիպման արդյունքներով:

«Ռուսական 102-րդ ռազմաբազայի հաջող գործունեությունը դա մեր դաշնակցային հարաբերությունների ևս մեկ ցուցիչ է»,- TASS գործակալության փոխանցմամբ՝ ասել է Անտոնովը:

Այսօր Երևանում կայացել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել երեկ՝ մասնակցելու Երևանում այսօր կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։

Երեկ Շոյգուն աշխատանքային այցով եղել էր Բաքվում, որտեղ հանդիպում էր ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ։ Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նախարարների քննարկման հիմնական թեման եղել է ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։

Մեկնաբանել