Հուլիսի 14-ին 18:00-ից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն աստիաճանականորեն նվազել է, իսկ կեսգիշերց հետո կրակոցները գրեթե լիարժեք դադարել են, չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ:
Այդ մասին այսօր Իջևանում տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, մինչև կեսգիշեր որոշակի խախտումներ, այնուամենայնիվ, գրանցվել են: «Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է նաև ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, որոնք ընկել են միջդիրքային տարածում: Այդ մասին հայտնել էր պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ նկատելով, որ այս պահի դրությամբ սահմանին իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ:
«Իրավիճակն արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,- ասաց Հովհաննիսյանը:
Զոհերի և վիրավորների մասին
Նա հայտնեց, որ հայկական կողմն ունեցել է ընդհանուր առմամբ չորս զոհ և թվարկեց նրանց անունները՝ հայտնելով պաշտպանության նախարարության ցավակցությունները զոհերի ընտանիքներին:
Հովհաննիսյանը նաև տեղեկություններ հայտնեց հայկական կողմի վիրավրների մասին: «Հուլիսի 12-ից սկսած մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք ընդհանուր առմամաբ երկու տասնյակ վիրավոր, այդ թվում երկու ոստիկան: Բայց նրանց կեսը շատ արագ վերադարձել է ծառայության վայրեր, քանի որ վնասվածքները շատ թեթև են եղել: Այս պահին ՀՀ բուժհաստատություններում ունենք բուժվող 10 վիրավոր, որոնցից հինգը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել: Մնացած հինգի վիճակը միջին ծանրության է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց նա:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հայտնել է 12 զոհի մասին, այդ թվում՝ կորպուսի շտաբի պետի և կորպուսի հրետանու հրամանատարի:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն չուներ՝ արդյոք սահմանին լարվածության նվազումը վկայում է այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը հասել են պայմանավորվածության հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ: «Եթե նման տեղեկություն լինի, կհայտարարենք»,- ասաց նա:
Իսրայելական արտադրության ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման մասին
Նա նաև նշեց, որ հուլիսի 14-ին Հայաստանի ՀՕՊ ուժերի միջոցով խոցված իսրայելական արտադրության ադրբեջանական Hermes 900 մոդելի անօդաչու թռչող սարքը բարձր տեխնոլոգիական ԱԹՍ է:
«Սա թռչող ուղեղային կենտրոն է: Այն խոցվել է հայկական ՀՕՊ ուժերի կողմից: Աշխատել է «ՕՍԱ ԱԿՄ» զենիթհրթիռային համակարգից, որն արդիականացվում է Հայաստանում: Այս համակարգն այս պահին մեր տրամադրության տակ ադրեջանական դրոնների լավագույն խոցման համակարգերն են», – ասաց նա՝ տեղեկացնելով, որ այս օրերին հակառակորդի բանակային կորպուսն իր տրամադարության տակ եղած գրեթե բոլոր զինատեսակները գործի է դրել: «Դրանք են բոլոր տրամաչափի հրաձիգային զենքերը, տանկեր, հրետանային միջոցներ, ընդհուպ մինչև 122 մմ տրամաչափի: Նաև հարվածային դրոններ», – ասաց նա:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմն այս օրերին կորցրել է շուրջ 10 ԱԹՍ և զրահատեխնիկա:
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ բանակն այս պահին իր առջև դրած խնդիրներն արդյունավետ կատարում է և պահեստազորի աջակցությանը դիմելու կարի չի զգացվում:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի