Մոլորված զինծառայողի նկատմամբ Ադրբեջանում առաջադրված մեղադրանքները անհեթեթություն են․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմում հայտնված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանի կողմից առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է, որ Ադրբեջանում հայտնված հայ սպան դիվերսանտ է։ Ըստ հայկական կողմի` մարտական հենակետը ստուգելու նպատակով Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել է ու մոլորվել:

Մեկնաբանել