Շենքի վերանորոգում, 10 մլն դրամանոց մեքենա՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչության համար

Կառավարությունը սեպտեմբերի 10-ի նիստում որոշում կկայացնի գումար տրամադրել գլխավոր դատախազությանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչության համար մասնաշենք վերանորոգելու նպատակով։ Այն գտնվում է Տիգրան Մեծ 50 հասցեում։ Նշված մասնաշենքի կապիտալ վերանորոգման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է 44,7 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում 16 հաստիքների ավելացման և ապօրինի գույքի բռնագանձման հարցերով դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի համար մեքենայի ձեռքբերման համար ընդհանուր կհատկացվի 46,8 միլիոն դրամ։ Դրանից 10 միլիոն դրամը կհատկացվի Գալյանի համար ծառայողական մեքենա գնելուն։

Սեպտեմբերի 1-ին արդարադատության նախկին փոխնախարար Սրբուհի Գալյանը նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը արդեն կազմավորված է։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել