ՀՀ կառավարությունն Արցախին նվիրաբերել է շտապ օգնության 10 ավտոմեքենա

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապ բժշկական օգնության 3 ռեանիմոբիլները և 7 գծային ավտոմեքենաները՝ հագեցած բժշկական սարքավորումներով և պարագաներով՝ 296 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը:

Որոշման նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։ Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է պացիենտին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։ Մյուս 7 ավտոմեքենան գծային ավտոմեքենաներ են, նույնպես հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։ Նվիրաբերվող թվով 10 շտապ բժշկական օգնության ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։